ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը 2022 թվականի պետական բյուջեի նախագծով 7 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը համարում է անիրատեսական, առաջարկում դրա փոխարեն նախագծում ֆիքսել 5-5.5 տոկոս աճի կանխատեսում: Հակոբյանն այս մասին ասաց ԱԺ նիստում պետբյուջեի նախագծի քննարկմանը:
Պատգամավորը լավ ցուցանիշ կհամարի, եթե այս վիճակում այս տարին ամփոփվի 5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշով:
«Այս բյուջեի նախագիծը պետք էր կազմել՝ շատ ավելի ճիշտ ճանապարհային քարտեզ ունենալով և մատնանշել, թե այդ 7 տոկոս իրավական աճը ոնց ենք ստանալու: Ես առաջարկում եմ այդ նշաձողն իջեցնել 5-5.5 տոկոս»,- ասաց Հակոբյանը:
Նույն խմբակցությունից Թադևոս Ավետիսյանն էլ նշեց. «Ակնհայտ է, որ 2022-ի պետբյուջեն ունի ընդգծված հակասոցիալական բնույթ»:
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը ևս 7 տոկոս աճի կանխատեսումը իրատեսական չի համարում: Նա այդ կանխատեսման համար հիմքեր չի տեսնում, մատնանշում է սպառողական գների ինդեքսի աճ և մի շարք այլ անբարենպաստ պայմաններ: