ԱՄՆ-ն մերժել է վիզա տրամադրել Պաղեստինյան ազգային վարչության նախագահ Մահմուդ Աբբասին և պաղեստինցի այն պաշտոնյաներին, որոնք ծրագրում էին հաջորդ շաբաթ Նյու Յորքում մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ վիզաներ չի տրամադրի Պաղեստինի ազատագրման կազմակերպության (ՊԱԿ) անդամներին և Պաղեստինյան վարչության ներկայացուցիչներին։ Վաշինգտոնում այս որոշումը պատճառաբանել են նրանով, որ պաղեստինյան կառույցներն, ԱՄՆ-ի գնահատմամբ, չեն կատարել բարեփոխումներ իրականացնելու իրենց ստանձնած պարտավորությունները և շարունակել են այնպիսի քայլեր անել, որոնք «խաթարում են խաղաղության հեռանկարները»։
Ամերիկյան կողմը նաև մեղադրել է ՊԱԿ-ին և Պաղեստինյան վարչությանը Միջազգային քրեական դատարանի ու ՄԱԿ-ի Միջազգային դատարանի միջոցով իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը «միջազգայնացնելու» փորձերի, բանակցությունները շրջանցելով Պաղեստին պետության ճանաչմանը հասնելու, ինչպես նաև իսրայելցիների վրա հարձակումների համար դատապարտված կամ զոհված պաղեստինցիների ընտանիքներին նպաստների վճարումը շարունակելու մեջ։
Պաղեստինի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի որոշումն անհիմն է անվանել։ Նախարարությունում հայտարարել են, որ այն հակասում է վստահության վերականգնմանն ու պաղեստինա-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև երկու պետությունների վեճերի լուծման համար պայմաններ ձևավորելուն ուղղված ջանքերին։
Պաղեստինյան կողմը նաև տարակուսանք է հայտնել առ այն, որ Վաշինգտոնը, իրենց գնահատմամբ, հաշվի չի առնում իրականացված բարեփոխումները։ Դրանց թվում նշվել են սոցիալական աջակցության համակարգում, ինչպես նաև ֆինանսական, վարչական, կրթական ու իրավական ոլորտներում արված փոփոխությունները։
ԱՄՆ-ն նմանատիպ որոշում կայացրել էր նաև անցյալ տարի։ Այն ժամանակ Աբբասը, ով կանոնավոր կերպով ելույթ էր ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, ստիպված էր եղել նիստի մասնակիցներին դիմել տեսակապի միջոցով։
Այս որոշումը Վաշինգտոնին հակադրության մեջ է դնում մի շարք պետությունների, այդ թվում՝ Ֆրանսիայի հետ, որոնք անցյալ տարի ՄԱԿ-ում ճանաչել են Պաղեստինը որպես պետություն։ AFP-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի համատեղ անցկացրած՝ երկու պետությունների ստեղծման լուծման վերաբերյալ համաժողովից հետո Պաղեստին պետությանը աջակցել է ՄԱԿ-ի անդամ 142 երկիր։



