Վահան Քերոբյանը և Դենիս Մանտուրովը քննարկել ե...

Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հանդիպել են ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության ներկա վիճակը, ինչպես նաև համատեղ գործունեության առաջնահերթ ուղղությունները։

2021 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջև փոխադարձ առևտուրն աճել է 12,7%-ով և կազմել 2,5 մլրդ դոլար։ Ռուսական արդյունաբերական արտադրանքի արտահանումը տարեկան կտրվածքով աճել է 14%-ով, իսկ հայկական ապրանքների ներմուծումը նույնպես աճ է գրանցել՝ ավելանալով 10%-ով։

Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը գոհունակությամբ է ընդգծել երկու երկրների միջև  ընթացիկ տարվա հունվար-փետրվարին գրանցված առևտրաշրջանառության ծավալների էական աճի փաստը և անհանգստություն հայտնել մարտին  ցուցանիշների նկատելի նվազման առիթով՝ առաջարկելով աշխատանքներ իրականացնել հրատապ վերացնելու նվազման պատճառները  և վերականգնելու աճը։

Զրուցակիցներն առանձին անդրադարձել են տարբեր ոլորտներում իրականացվող մի շարք համատեղ ծրագրերին։ Դենիս Մանտուրովը կարևորել է համագործակցության զարգացումը հանքարդյունաբերության, մետալուրգիայի, քիմիական արդյունաբերության և գյուղատնտեսական մեքենաշինության ոլորտներում։

Հանդիպման ավարտին Դենիս Մանտուրովը Վահան Քերոբյանին հրավիրել է մասնակցելու Տաշքենդում կայանալիք «INNOPROM. Կենտրոնական Ասիա» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին։