Վահան Կոստանյանը և Բենիլյուքսի ԱԳՆ-ների քաղաք...

Դեկտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Բենիլյուքսի՝ Բելգիայի, Նիդերլանդների և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարությունների քաղաքական տնօրենների հետ:

Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում գոհունակությամբ ընդգծվել է Հայաստանի և Բենիլյուքսի երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, անդրադարձ է կատարվել բազմոլորտ համագործակցության զարգացման հեռանկարներին:

Հայաստանի ժողովրդավարության դիմակայունության հետագա ամրապնդման համատեքստում անդրադարձ է կատարվել խառնածին սպառնալիքներին արդյունավետ հակազդելու մեխանիզմներին՝ ընդգծելով համագործակցության կարևորությունը:

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են ընթացիկ տարվա դեկտեմբերի 2-ին «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթղթի ստորագրման հանգամանքը: Քննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև ընդլայնվող օրակարգին առնչվող մի շարք հարցեր:

Մտքեր են փոխանակվել Հայաստանում 2026 թ. կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացման շուրջ:

Քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման անհրաժեշտությանը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը գործընկերներին է ներկայացրել ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և դրա կարևոր բաղադրիչ «Թրիփ ուղի» ծրագրի առանցքային նշանակությունը՝ Հարավային Կովկասում և դրանից անդին փոխկապակցվածության ընդլայնման հարցում: