Աշխատանքային այցով հունվարի 20-ին Թեհրան մեկնած Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ:
ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ անդրադառնալով երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Իրանի միջև առկա փոխգործակցությունը և կարևորել են հարաբերությունների շարունակական խորացմանն ուղղված ջանքերը:
Ընդգծվել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ Իրանի սկզբունքային դիրքորոշման կարևորությունը: Գոհունակությամբ արձանագրվել է նաև տնտեսական և ենթակառուցվածքային ոլորտներում երկու երկրների փոխհարաբերությունների շարունակական զարգացումը:
Վահան Կոստանյանը Քամալ Խարազիին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին ու տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող գործընթացների մանրամասները՝ ընդգծելով, որ Հայաստանի վարած բալանսավորված արտաքին քաղաքականության շրջանակներում առանձնահատուկ կարևորվում է Հայաստանի հարաբերությունների շարունակական զարգացումը տարածաշրջանային գործընկերների, մասնավորապես՝ Իրանի հետ: