Վահագն Խաչատուրյանը Լիմայում հանդիպել է Պերու...

Լատինական Ամերիկա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լիմայում հանդիպում է ունեցել Պերուի Հանրապետության նախագահ Դինա Բուլուարտեի հետ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։ 

Ողջունելով նախագահին՝ Դինա Բուլուարտեն առանձնահատուկ շեշտել է, որ առաջին անգամ պատմության մեջ Պերու է այցելում Հայաստանի նախագահը, ինչը վկայում է երկու երկրների կողմից բարեկամության ու փոխգործակցության ամրապնդման ձգտման մասին, և որը նոր խթան կհաղորդի երկու հնագույն քաղաքակրթություններ ներկայացնող պետությունների միջև հարաբերությունների սերտացման և ընդլայնման համար:

Նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել բարձրաստիճան փոխայցելությունները երկու երկրների միջև համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդհանուր եզրեր գտնելու տեսանկյունից: 

Հանդիպման ընթացքում կարևորվել է միջազգային տարբեր հարթակներում, այդ թվում՝ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի շրջանակում արդյունավետ փոխգործակցությունը և վերջինիս խթանման հնարավորությունների օգտագործումը: Երկու երկրների նախագահները քննարկել են մշակութային ժառանգության պահպանման և փոխադարձ ներկայացման հարցերը՝ որպես երկկողմ հարաբերությունների կարևորագույն բաղադրիչ: 

Անդրադարձ է կատարվել երկրների միջև վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ քայլերն ակտիվացնելու հարցերին: Կողմերը համաձայնել են, որ վիզային արտոնությունների մեխանիզմների ներդրումը կնպաստի քաղաքացիների փոխայցելություններին և կխթանի զբոսաշրջային հոսքերի ավելացմանը՝ նպաստելով երկու պետությունների միջև մարդկային կապերի ամրապնդմանը:

Պերուի նախագահը շնորհավորել է Հայաստանի նախագահին առաջիկայում ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովը՝ COP-17-ը Հայաստանում անցկացնելու կապակցությամբ: Այս համատեքստում նախագահ Խաչատուրյանը շեշտել է, որ մեր երկրում ուրախ կլինենք տեսնել համաժողովին Պերուի ներկայությունը հնարավոր ամենաբարձր մակարդակով: 

Զրուցակիցները միանշանակ շեշտել են խաղաղության հաստատման անգերագնահատելի դերը: Երկու երկրների ղեկավարները համաձայնել են, որ կայուն զարգացումը և բարգավաճումը հնարավոր է միայն խաղաղ և կանխատեսելի միջավայրում, ինչը պահանջում է շարունակական ջանքեր միջազգային հանրության կողմից: 

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել քաղաքական, տնտեսական, մշակութային, զբոսաշրջային և այլ բնագավառներում փոխգործակցության ակտիվացման անհրաժեշտության շուրջ: Այս համատեքստում կարևորվել է քաղաքական խորհրդակցությունների անցկացման շարունակականությունը, ինչը մեկնարկել է նախորդ տարում: Նախագահները համաձայնել են խթանել միջգերատեսչական կապերը և աջակցել համատեղ նախաձեռնություններին, որոնք միտված են երկկողմ համագործակցության ընդլայնմանը: 

Հանդիպման ավարտին երկու երկրների ղեկավարները վերահաստատել են փոխշահավետ համագործակցության զարգացման իրենց պատրաստակամությունը և համոզմունք հայտնել, որ Հայաստան-Պերու հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ, որի իրացումը կծառայի երկու պետությունների և ժողովուրդների բարօրությանը: