Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իրանի դեսպանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։  

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։ Նախագահը շնորհավորել է Իրանի ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-ամյակի առթիվ՝ խնդրելով իր բարեմաղթանքները փոխանցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին։ Նա ընդգծել է Հայաստանի համար Իրանի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում նախագահը կարևորել է տարբեր մակարդակներում փոխայցելությունների ակտիվացումը՝ տնտեսական և հատկապես ենթակառուցվածքների ոլորտում առկա հնարավորությունների առավել արդյունավետ օգտագործումը։ Նախագահը նաև ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի ղեկավարության հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության վերաբերյալ։ Դեսպան Խալիլ Շիրղոլամին շնորհակալություն է հայտնել ընդունելության և շնորհավորանքի համար՝ նշելով հանդիպման նշանակությունը երկկողմ հարգանքի և համագործակցության տեսանկյունից։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-իրանական բազմոլորտ համագործակցության օրակարգային հարցերին, տարածաշրջանում տիրող իրավիճակին։