Վագիֆ Խաչատրյանն Ադրբեջանում հարցաքննվել է

Ադրբեջանի կողմից առևանգված Արցախի բնակիչ Վագիֆ Խաչատրյանն Ադրբեջանում հարցաքննվել է՝  նրա  նկատմամբ հարուցված շինծու քրեական գործով։

Ըստ Արմենպրեսի՝ այս մասին ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում  ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազի հատուկ հանձնարարություններով օգնական Իլգար Սաֆարովը:

Նա նշել է, որ Վագիֆ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել, ինչից հետո նա հարցաքննվել է ու  այս պահին Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ իրականացվում են քննչական այլ գործողություններ։

Ավելի վաղ հայտնել են, որ նրա հետ հանդիպել է Ադրբեջանի ՄԻՊ-ը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հուլիսի 29-ին առևանգել է ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող քաղաքացիներից մեկին՝ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։