Մի առիթով հայ ազգի մեծ զորավար Անդրանիկ Օզանյանն ասել է․ «Որպեսզի թշնամիքդ քեզ հարգեն` պատժիր ազգիդ դավաճաններին»։
Զորավար Անդրանիկի վերհիշատակված խոսքերն հատկապես արդիական են այսօր, երբ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ժողովուրդը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Սրբազանի առաջնորդած պայքարին միացել են նաև խորհրդարանական ընդդիմադիր հանդես եկող ուժերը, որոնք հայտարարել են, որ պատրաստ են նախաձեռնել իմպիչմենտի գործընթաց։
Իմպիչմենտի գործընթացի նախաձեռնման համար անհրաժեշտ է 36 պատգամավորի ստարագրություն։ Ֆորմալ ընդդիմադիր երկու խմբակցություններն ունեն 36 մանդատ, բայց դա միայն ֆորմալ, քանի որ Պատիվ ունեմ դաշինքից Իշխան Զաքարյանը ընտրություններից ամիսներ անց թռավ ընդդիմադիր նավից ու հայտնվեց ՔՊ պահեսատայինների նստարանին։
Նկատենք, որ Իշխան Զաքարյանը պատգամավոր է ընտրվել 2021 թվականին ամենառադիկալ տեքստերով հանդես եկող դաշինքից։ Դաշինքի ոչ ֆորմալ առաջնորդ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին անվանել է կապիտուլյանտ, հրապարակային նրան մայր հայհոյել, իսկ դաշինքի շատ անդամներ, այդ թվում վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը նրան անվանել են դավաճան։ Դաշինքի ծրագրում Փաշինյանից ազատվելը համարվել է ազգային անվտանգության խնդիր։
Ահա այս կարգախոսներով մանդատ ստացած Իշխան Զաքարյանը դավաճանել է այդ դաշինքին ընտրած քաղաքացիներին ու հիմա դիրքավորվել է, որպես դասական մատնոց ֆռացնող և հայտարարում է, որ իր ստորագրությունը կստանան այն ժամանակ, երբ 18 ՔՊ-ականի կարողանան բերել ընդդիմության դաշտ։ 18 ՔՊ-ականի ժողովրդի կողմն անցնելու դեպքում իհարկե հարց է առաջանում թե ո՞ւմ բանին է պետք Իշխան Զաքարյանը, բայց դա այլ խոսակցության առիթ է։
Հիմա օբյեկտիվ հարց է առաջանում, թե ինչպես են խորհրդարանական ընդդիմադիր ուժերը պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, եթե չեն կարողանում իրենց վրայից թռած Իշխան Զաքարյանի հարցերը լուծել։ Եթե չեն կարողանում ժողովրդական ճնշմամբ Փաշինյանին մերժող ժողովրդի քվեով մանդատ ստացած Իշխան Զաքարյանի հարցերը լուծել, ապա որն է հույսը, որ կկարողանան ճնշել դատախազություն, ոստիկանություն, ԱԱԾ ու բանակ գրպանում դրած Նիկոլ Փաշինյանին։
Մյուս կողմից իրերին մի պահ փորձեք նայել Նիկոլ Փաշինյանի աչքերով (հասկանում եմ դժվար է)։ Իրենից վարչապետի աթոռը պահանջում են մարդիկ, ովքեր կապիտուլացվել են նախկին կոռուպցիոներ, քաղաքականապես դավաճան, իր գրպանում գտնվող Իշխան Զաքարյանի առաջ։ Դուք լինեիք, հրաժարական կտայի՞ք։ Իհարկե չէիք տա։
Վերաիմաստավորելով մեծ զորավարի խոսքերը՝ արձանագրենք, որ եթե ուզում եք Նիկոլ Փաշինյանը ձեզ հարգի ու հնչեցրած պահանջներն էլ բանի տեղ դնի, ապա պատժեք 2021 թվականի ընտրություններին մասնակցած ու ՔՊ-ին մերժած քաղաքացիներին դավաճանած Իշխան Զաքարյանին։ Այլ տարբերակ պարզապես չկա։
Բորիս Մուրազի