Ուզում եմ փաստել, որ մեր ջանքերի շնորհիվ օր օ...

Վիզաների ազատականացումն ավելի մոտ․ ներկայացվել և քննարկվել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման առաջին առաջընթացի զեկույցը և Հայաստանի արձանագրած հաջողությունները։

 ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում Հայաստանի գլխավոր բանակցող, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության փոխտնօրեն Յոհաննես Լուխներն ընդգծեցին այս ուղղությամբ Հայաստանի արձանագրած հաջողությունները։

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նախ շնորհակալություն հայտնեց Եվրոպական հանձնաժողովին Հայաստանի հետ շարունակական և կառուցողական համագործակցության համար՝ ընդգծելով առաջընթացի զեկույցում տեղ գտած դրական գնահատականները, որոնք, նրա խոսքով, չափազանց պարտավորեցնող են։

«Կարևոր է նաև այն, որ առաջընթացի զեկույցում կրկին արձանագրվել է Հայաստանի քաղաքական հանձնառությունը՝ ապահովելու գործողությունների ծրագրի կատարումը։

Այս գործընթացը միայն Հայաստանի քաղաքացիների շարժունակությունը դյուրացնելու մասին չէ։ Այն վստահության, արժանապատիվ գործընկերության և եվրոպական ընտանիքի հետ ավելի սերտ կապեր հաստատելու մասին է։ Ուզում եմ փաստել, որ մի կողմից այս գործընթացը Հայաստանի քաղաքացիներին արժանապատիվ ճամփորդության հնարավորություն է տալու, մյուս կողմից՝ հնարավորություն է ստեղծելու Հայաստանի իշխանությունների համար ապահովել երկարաժամկետ ինստիտուցիոնալ փոփոխություններ Հայաստանում։

Ուզում եմ փաստել, որ մեր ջանքերի շնորհիվ օր օրի ավելի ենք մոտենում վիզաների ազատականացմանը։ Սա մեզ համար շատ կարևոր և պատասխանատու արձանագրում է։ Մենք էապես կարևորում ենք այն, որ առաջընթացի զեկույցում առաջանցիկ տեմպեր են արձանագրվել հատկապես այնպիսի զգայուն ոլորտներում, ինչպիսիք են կենսաչափական փաստաթղթերը, կենսաչափական համակարգը, սահմանների կառավարումը, միգրացիայի և ապաստանի հարցերը։

Այս արձանագրումը, ըստ էության, ևս մեկ հնարավորություն է փաստելու, որ Հայաստանը կանխատեսելի, պատասխանատու և վստահելի գործընկեր է Եվրամիության համար»,- նշեց նախարարը։

Նրա խոսքով՝ սա պարզապես հերթական գործընթացը չէ Հայաստանի համար։ Սա կարևոր քայլ է, և կարևոր էր նաև այն, որ այս փուլում Երևանում տեղի ունեցավ Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը, որի ընթացքում ստորագրվեցին կարևորագույն փաստաթղթեր։

«Ինչպես հիշում ենք, այս ամբողջ գործընթացում ունեինք 74 հենանիշ և գործընկերներից ստացել ենք 53 առաջարկություն, որոնք շատ խնամքով արձանագրված են զեկույցում։ Մենք պատրաստակամ ենք նույն հետևողականությամբ շարունակել նաև բոլոր առաջարկությունների իրականացումը։

Ուրախ եմ արձանագրել նաև, որ Եվրոպոլի հետ համագործակցությունն ավելի է սերտացել՝ Հայաստանի կողմից այնտեղ կապի սպայի նշանակման արդյունքում, ինչը թույլ կտա էլ ավելի զարգացնել մեր հարաբերությունները։ Մենք առավելագույնս օգտվելու ենք այն բոլոր հնարավորություններից, որոնք Հայաստանին կտա կապի սպայի նշանակումը։

Կցանկանայի նշել, որ Հայաստանը միակ պետությունն է աշխարհում, որի հետ ԵՄ-ն վարում է այսպիսի ակտիվ երկխոսություն վիզաների ազատականացման ուղղությամբ։ Ուզում եմ նաև վստահեցնել, որ համատեղ աշխատանքի և փոխադարձ վստահության շնորհիվ է, որ այսօր արդեն ունենք գործողությունների ծրագիր և առաջընթացի առաջին զեկույցը։ Մենք հետևողականորեն առաջ ենք շարժվելու՝ որակով և պատշաճ ժամկետներում իրականացնելով գործողությունների ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները»,- ասաց Արփինե Սարգսյանը։

Նա նշեց, որ սա ԵՄ-ի հետ մոտարկման ճանապարհին ՀՀ քաղաքացու համար ամենաշոշափելի բաղադրիչն է, որն անմիջականորեն ազդելու է մարդկանց կյանքի և կենսակերպի որակի վրա՝ հնարավորություն տալով ՀՀ քաղաքացիներին Եվրոպան ճանաչել ավելի մոտիկից, քան երբևէ։

Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության փոխտնօրեն Յոհաննես Լուխներն էլ նշեց, որ ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերություններն այսօր ավելի մոտ են, քան երբևէ։ Նրա խոսքով՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովը դրա վառ ապացույցն են։

«Ուզում եմ ընդգծել, որ Եվրոպական հանձնաժողովը, Հայաստանի իշխանությունները և արտաքին գործերի նախարարությունն այս գործընթացը դիտարկում են շատ լրջորեն և պատրաստակամ են բարձր մակարդակի արդյունքներ ապահովել։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները շատ շուտով հնարավորություն կունենան ունենալ կենսաչափական անձնագրեր։ Կստեղծվի բնակչության միասնական ռեգիստրը, և աշխատանքներ են տարվում մի շարք այլ բարեփոխումների իրականացման ուղղությամբ։

Ես շատ լավ հասկանում եմ քաղաքացիների անհամբերությունը՝ լիարժեք առանց վիզային ռեժիմ ունենալու ուղղությամբ շարժվելու հարցում։ Սակայն պետք է ընդունենք և արձանագրենք, որ արդեն իսկ մեծ առաջընթաց է գրանցվել»,- ասաց նա։

Յոհաննես Լուխների խոսքով՝ ԵՄ-ն այժմ ավելի մեծ թվով վիզաներ և բազմակի մուտքի վիզաներ է տրամադրում ՀՀ քաղաքացիներին և համատեղ մեծ ջանքեր է ներդնում, որպեսզի նվազեցվի վիզայի դիմումների մերժումների թիվը։

«Զուգահեռաբար մենք նախաձեռնել ենք ավելի շատ առևտուր և ներդրումներ ապահովել։ Հետազոտությունների, կրթության և մշակութային փոխանակումների ոլորտներում ևս ակտիվ աշխատանք է տարվում, և մենք վիզաների ազատականացումը դիտարկում ենք որպես Եվրամիության և Հայաստանի միջև ամբողջ գործընթացի միայն մեկ բաղադրիչ»,- եզրափակեց  նա։

Հայաստանը վիզաների ազատականացման գործընթացի վերաբերյալ Եվրամիության առաջին զեկույցը ստացել էր մայիսի 5-ին՝ Երևանում ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի ժամանակ։