Ուժեղ Հայաստան Նիկոլ Փաշինյանի հե՞տ

Հայաստանում խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին, և քաղաքական դաշտը, առնվազն ձևականորեն, բաժանվեց երկու հիմնական բևեռի։ Մի կողմում իշխանությունն է՝ «Քաղաքացիական պայմանագիրը», մյուսում՝ ընտրությունների ընթացքում նրա հիմնական ընդդիմախոսը դարձած «Ուժեղ Հայաստանը»։

Ընտրությունների ժամանակ հանրությանը ներկայացված էր ընտրության տրամաբանություն՝ իշխանություն և այլընտրանք։ Բայց ընտրություններից հետո, երբ նախընտրական հռետորաբանությունը կամաց-կամաց զիջեց իր տեղը կոնկրետ քաղաքական դիրքորոշումներին, սկսեց բացվել շատ ավելի հետաքրքիր պատկեր։ Պարզվեց՝ Հայաստանի համար առանցքային մի շարք հարցերում երկու հիմնական բևեռների միջև տարբերությունը ոչ այնքան քաղաքական ուղղության, որքան բառապաշարի և ներկայացման ձևի մեջ է։

Արցախի հարցը փակվա՞ծ է։

Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն վաղուց առաջ են տանում այն թեզը, որ Արցախի հարցը փակված է, և հայկական քաղաքական օրակարգում այն այլևս քննարկման առարկա չէ։

Ի՞նչ է ասում «Ուժեղ Հայաստանը»։ Նարեկ Կարապետյանն Ազգային ժողովում ևս հայտարարեց, որ Արցախի հարցը փակված է։

Այսինքն՝ մի հարցում, որը տասնամյակներ շարունակ եղել է Հայաստանի արտաքին քաղաքականության և ազգային օրակարգի առանցքում, իշխանությունն ու խորհրդարանական հիմնական ընդդիմախոս ուժը, ըստ էության, կանգնած են նույն վերջնակետում։

TRIPP-ը միջանցք չէ՞։

ՔՊ-ն պնդում է՝ TRIPP-ը միջանցք չէ, ճանապարհ է։ Իշխանության ամբողջ տեղեկատվական քաղաքականությունը կառուցված է այն պնդման վրա, որ «միջանցք» ձևակերպումը սխալ է և մանիպուլյատիվ։

Իսկ ի՞նչ է ասում «Ուժեղ Հայաստանը»։ Նարեկ Կարապետյանը ևս հայտարարում է՝ TRIPP-ը միջանցք չէ։

Այստեղ արդեն հարց է առաջանում. եթե իշխանությունն ու նրա գլխավոր ընդդիմախոսը համաձայն են ոչ միայն ծրագրի գոյության, այլև դրա քաղաքական բնույթի հիմնական գնահատականի շուրջ, ապա որտե՞ղ է ռազմավարական այլընտրանքը։

Եվրոպական ուղղությամբ ևս նույն ճանապարհն է։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հայտարարում է եվրոպական ինտեգրման ուղղությամբ շարժվելու մասին։ ՔՊ-ն դա ներկայացնում է որպես Հայաստանի արտաքին քաղաքականության նոր կարևոր ուղղություն։

«Ուժեղ Հայաստանը» խորհրդարանում ընտրում է եվրաինտեգրման հանձնաժողովը, իսկ Նարեկ Կարապետյանը հայտարարում է, որ այդ ուղղությամբ պետք է մեծ թափով աշխատանք կատարել, որպեսզի Հայաստանը կախված չլինի միայն մեկ կողմից՝ ակնհայտորեն նկատի ունենալով Ռուսաստանը։

Այստեղ ևս կարելի է վիճել տեմպերի, մեթոդների, Ռուսաստանի հետ հարաբերությունների կառավարման կամ եվրոպական ուղղության խորության շուրջ, բայց ռազմավարական վեկտորի հարցում արդեն դժվար է տեսնել այն հակադրությունը, որը կար նախընտրական հռետորաբանության մեջ։

Եվ այստեղ է առաջանում ամենակարևոր քաղաքական հարցը։

Եթե Արցախի հարցում ասում եք նույնը, TRIPP-ի էության վերաբերյալ տալիս եք նույն գնահատականը, իսկ արտաքին քաղաքական կարևորագույն ուղղություններից մեկի՝ եվրաինտեգրման հարցում ոչ միայն չեք հակադրվում, այլ ցանկանում եք ավելի մեծ թափ հաղորդել այդ գործընթացին, ապա ո՞րն է ռազմավարական տարբերությունը ՔՊ-ի և «Ուժեղ Հայաստանի» միջև։

Իհարկե, երկու ուժերի միջև կարող են լինել հսկայական տարբերություններ տնտեսության կառավարման, կադրային քաղաքականության, ներքին ժողովրդավարության, եկեղեցու նկատմամբ վերաբերմունքի, սոցիալական քաղաքականության կամ պետական կառավարման որակի հարցերում։ Դրանք անտեսել պետք չէ։ Բայց պետության ապագա աշխարհաքաղաքական և անվտանգային ճարտարապետությունը որոշող հարցերում վերոնշյալ համընկնումները չափազանց էական են դրանք պարզապես պատահականություն համարելու համար։

Սա հատկապես կարևոր է ընտրություններից անմիջապես հետո, որովհետև ընտրողն իրավունք ունի հասկանալու՝ ինքը քվեարկել է այլ քաղաքական ճանապարհի՞, թե՞ նույն ճանապարհով ավելի լավ վարորդ ունենալու խոստման օգտին։

Գուցե հենց սա է հետընտրական Հայաստանի ամենահետաքրքիր քաղաքական բացահայտումը. ընտրություններին մենք տեսանք երկու հակադիր բևեռ, բայց ընտրություններից հետո առանցքային հարցերը մեկը մյուսի հետևից սկսեցին ցույց տալ մեկ քաղաքական դեմքի երկու կեսերը։

Եվ եթե այդպես է, ապա Հայաստանի քաղաքական դաշտի իրական բաժանարար գիծը գուցե այլևս ՔՊ-ի և «Ուժեղ Հայաստանի» միջև չէ։ Իրական բաժանարար գիծը կարող է անցնել մի կողմից՝ այս երկու ուժերի կողմից տարբեր շեշտադրումներով ընդունվող ընդհանուր ռազմավարական ընթացքի, իսկ մյուս կողմից՝ այն հասարակական ու քաղաքական շրջանակների միջև, որոնք սկզբունքորեն այլ ճանապարհ են առաջարկում Հայաստանի համար։