Ես ապօրինի կերպով ազատվել եմ Պետական եկամուտն...

Ես ապօրինի կերպով ազատվել եմ Պետական եկամուտների կոմիտեից։ Այս մասին օգոստոսի 12-ին Ազգային ժողովի նիստում, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, հայտարարեց այդ պաշտոնի թեկնածու, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը՝ պատասխանելով իշխող ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին։

«Ես քաղաքական պաշտոն չեմ զբաղեցրել։ Ինձ աշխատանքի են ընդունել բացառապես մասնագիտական գիտելիքներիս համար, իսկ հետո ապօրինի ազատել են աշխատանքից։ Եթե ուսումնասիրեք ՊԵԿ-ի կառուցվածքը, ապա կհամոզվեք, որ միայն Արևմտյան մաքսատան վարչությունում միավորել են միմյանց հետ որևէ կապ չունեցող երկու բաժին՝ միայն նրա համար, որպեսզի ինձ ազատեն զբաղեցրած պաշտոնից», - ասել է Ֆարմանյանը։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ իրեն ուղղակի ասել են՝ դիմում գրել և հեռանալ։

«Ինձ ուղիղ ասացին՝ դու մերը չես, և դա եղել է ձեր իշխանության օրոք՝ 2019 թվականին։ Իմ խոսքերը կհաստատեն ՊԵԿ-ի բազմաթիվ նախկին աշխատակիցներ։ Նույնը ասվել է նաև նրանցից ոմանց։ Ճիշտ մեկ տարի՝ 2018-ից մինչև 2019-ի փետրվարը, ինձ հալածել են։ Ես դիմել եմ դատական ատյաններ՝ ընդհուպ մինչև Վճռաբեկ դատարան, որը որոշեց, որ ինձ ապօրինի են ազատել աշխատանքից», - ասել է պատգամավորը։