«Ուժեղ Հայաստան». Մեզ պետք է իրական աշխատանք...

Մենք հանդես ենք գալիս տնտեսության իրական դիվերսիֆիկացման և եվրոպական ինստիտուտների հետ ակտիվ աշխատանքի օգտին, ոչ թե ձևական հայտարարությունների։ Տնտեսական կայունությունն ապահովելու համար Հայաստանին անհրաժեշտ է միաժամանակ զարգացնել լիարժեք համագործակցություն մի քանի միջազգային գործընկերների հետ։ Այս մասին օգոստոսի 12-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին Եվրոպական միության երկրներ, մասնավորապես Ֆրանսիա, արտահանման ծավալները զգալիորեն կրճատվել են՝ չնայած արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության մասին իշխանությունների աղմկոտ հայտարարություններին։

«Վերջին 8 տարիներին մեր արտահանումը Ֆրանսիա նվազել է 15%-ով, ուստի մեզ պետք է իրական աշխատանք դատական համակարգի և ինստիտուտների բարելավման ուղղությամբ, ոչ թե պարզապես խոսակցություններ եվրոպական ուղղության մասին՝ ապրանքաշրջանառության չնչին ծավալների պայմաններում», - նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի խմբակցության ղեկավարը։ Նարեկ Կարապետյանն ընդգծել է, որ ընդդիմությունը մտադիր է ակտիվացնել խորհրդարանի համապատասխան հանձնաժողովի աշխատանքը՝ օգնելու Հայաստանի ազգային շահերի առաջմղմանը եվրոպական հարթակներում։

Նա նաև նշել է պետական կառավարման և ինստիտուցիոնալ զարգացման ոլորտում եվրոպական փորձը յուրացնելու անհրաժեշտությունը։ «Եվրոպական համակարգից մենք պետք է վերցնենք լավագույն ինստիտուցիոնալ լուծումները և դրանք ներդնենք Հայաստանում, այլ ոչ թե ամեն ինչ սահմանափակենք միայն քաղաքական հռետորաբանությամբ», - ընդգծել է նա։