Ուզբեկստանի Գիտությունների ակադեմիայի միջուկային ֆիզիկայի ինստիտուտին առընթեր ստեղծվելու է ռադիոակտիվ թափոնների պահման կենտրոն։ Հանրապետության կառավարության համապատասխան որոշումը հրապարակվել է երկրի օրենսդրության տվյալների ազգային բազայի կայքում։ Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Ինչպես նշվում է, փաստաթուղթն ընդունվել է «հանրապետությունում ռադիոակտիվ թափոնները թաղելու համակարգման նպատակով՝ միջազգային չափանիշների հիման վրա և շրջակա միջավայրը ռադիոակտիվ աղտոտումից պաշտպանելու համակարգի հետագա կատարելագործման համար»։
Պետական հաստատությունը միակը կդառնա հանրապետությունում, որը թափոնների տեղափոխման, ընդունման, տեսակավորման և անվտանգ պահման ծառայություններ կմատուցի։ Կենտրոնում նաև գիտական հետազոտություններ կանցկացվեն, և կմշակվեն ռադիոակտիվ թափոնների հետ վարվելու նոր մեթոդներ։
Հունվարի վերջին հաղորդվել էր, որ ՌԴ «Ռոսատոմ» պետական կորպորացիան, ի դեմս «ՏՎԷԼ» ԲԲԸ-ի (մտնում է վառելիքի դիվիզիոնի կազմի մեջ) ԲԲԸ-ի, և Ուզբեկստանի նախարարների կաբինետին առընթեր Ատոմային էներգիայի գործակալությունը («Ուզատոմ») համագործակցության հուշագիր են ստորագրել ռադիոակտիվ թափոնները շահագործումից դուրս բերելու և դրանց հետ վարվելու բնագավառում։
Ներկայում «ՏՎԷԼ» ԲԲԸ-ն և Ուզբեկստանի Գիտությունների ակադեմիայի միջուկային ֆիզիկայի ինստիտուտն ակտիվորեն փոխգործակցում են հետազոտական ռեակտորի համար միջուկային վառելիք մատակարարելու բնագավառում։



