Ուղղակի ստացել են հրահանգ՝ դատավորներին ճզմել...

«Ծառայո՞ւմ է հանրությանը Հանրայինը» թեմայով քննարկման այսօր կայացած քննարկամը, անդրադառնալով Հանրային հեռոստաընկերության խնդիրներին ու դրանց պատճառներին, սցենարիտ, հրապարակախոս Տիգրան պասկևիչյանն, ով 1990-92 թվականներին եղել է Հեռուստառադիոպետկոմի նախագահի տեղակալը, ասաց.

«Մինչև 2000 թվականը Հանրային  հեռուստատեսությունը պետական հեռուստատեսություն էր՝ ժառանգված խորհրդային ժամանակաշրջանից: Այն իր բոլոր ենթաճյուղերով, տրամաբանությամբ՝ սովետական կառույց էր, և մեր նպատակն էր՝ փոխել ինչ-որ ձևով, ժամանակը կարճ էր, հնարավորություն չեղավ փոխելու: Այն ժամանակ ևս կար որոշակի ճնշում հեռուստատեսության վրա, իշխանության մեջ կային թևեր, և այդ թևերը, և մյուս կողմից էլ՝ արդեն նոր ձևավորվող ընդդիմությունը, ամեն կերպ ճնշում էին հեռուստատեսությանը: Ասեմ՝ դա մի գայթակղություն է, որը կարելի է վերացնել համակարգային լուրջ փոփոխություններով: Այսօր ևս Հանրային հեռուստատեսությունը, որը ստեղծվել է 2000 թ., ստեղծվել է ու զարգացել է Ռ. Քոչարյանի  և Ս. Սարգսյանի ճարտարապետությամբ, շարունակում է մնալ նույն կառույցը և շարունակում է առիթ տալ իշխանության տարբեր թևերի, տարբեր մարդկանց նման գայթակղությունների»:

Անդրադառնալով իր վերջին՝ ՀՌԽ նախագահ Արա Շիրինյանին ուղղված բաց նամակում հեռուստաընկերությանն առնչվող խնդիրների արծարծմանն ու Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի խորհրդականի պաշտոնից ազատմանը, հրապարակախոսն ընդգծեց՝  խնդիրն անձնական չէ, Արա Շիրինյանն իր 30 տարվա ընկերն է, 24 տարի միասին են աշխատել, իսկ Մարգարիտա Գրիգորյանի հետ չի կարող լինել անձնական խնդիր, քանի որ մի քանի անգամ է առիթ ունեցել հանդիպելու նրան և անձամբ չի ճանաչել.

«Ես, ընդունելով Արա Շիրինյանի առաջարկը՝ դառնալ  իր խորհրդականը, մտա և սկսեցի ուսումնասիրել այդ համակարգը: Եվ համակարգն ուսումնասիրելով՝ հանգեցի այն եզրակացության, որ, այո՛, պետք է փոփոխությունները սկսել վերևից՝ փոխել ղեկավարին, ղեկավար կազմը, իսկ մնացածը ձևավորել մրցույթների միջոցով, ինչպես որ ընտրվել էր Ռադիոյի տնօրենը»:

Հարցին՝ «Հեռուստաընկերության վրա կա՞ն ճնշումներ», Պասկևիչյանն ասաց, որ ճնշում չկա, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ լավ է: Իսկ արդյո՞ք այսօր հեռուստաընկերությունն ուղիղ վերևին է ենթարկվում հարցին Պասկևիչյանը պատասխանեց.

«Այս հարցով դիմեք Պետրոս Ղազարյանին: Այդ բոլոր ենթաբաժինները, կառուցվածքային միավորներն ինձ համար գոնե փակ են եղել, իմ բոլոր հարցերը մնացել են անպատասխան կամ պատասխանվել են ոչ ըստ էության: Կարևոր հարց եք բարձրացնում, բայց տվեք Պետրոս Ղազարյանին»:

Հրապարակախոսի խոսքով՝ Հայաստանում խոսքն ու մամուլը միշտ են ազատ եղել, բայց  ազատ չի բովանդակությունը.

«Այդ խոսք ու մամուլը չունեն բովանդակություն: Այս ամբողջ բանավեճը նրա մասին է, որ Հանրային հեռուստաընկերությունը պետք է օժտվի բովանդակությամբ: Թե չէ՝ ով ինչի մասին ուզում՝ խոսում է. Հանրային հեռուստաընկերությունը 15 տարի հետո հաղորդում է անում և քննարկում է Հյուսիսային պողոտայի խնդիրները: Ասում ես՝ ինչ են անում, ասում է՝ իրավունք չունե՞նք խնդիրները քննարկելու: Ուղղակի պարզապես ստացել են հրահանգ՝ դատավորներին ճզմելու, քննարկում են. չկար հրահանգ՝ չկա քննարկում»: