
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է առևտրային հարցեր՝ Վաշինգտոնի կողմից նոր առևտրային համաձայնագրերի կնքման ժամկետի հնարավոր երկարաձգման ֆոնին։ Այս մասին երկուշաբթի կայացած ճեպազրույցում հայտնել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դե Կիրսմակերը։
«Կարող եմ հաստատել ֆոն դեր Լայենի և նախագահ Թրամփի միջև հեռախոսազրույցի փաստը և նշել, որ նրանք ունեցել են դրական կարծիքների փոխանակում», - ասել է Դե Կիրսմակերը՝ հրաժարվելով բացահայտել զրույցի մանրամասները։
Նախօրեին Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ մասշտաբային մաքսային տուրքերի վերադարձը կհետաձգվի մինչև օգոստոսի 1-ը։ Եթե այդ ժամանակահատվածում երկրները չհասցնեն ԱՄՆ-ի հետ նոր առևտրային համաձայնագրեր ստորագրել, մաքսատուրքերը կվերադառնան ապրիլի 2-ի մակարդակին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
Միևնույն ժամանակ Եվրահանձնաժողովը հաստատել է, որ աշխատում է Թրամփի կողմից նախկինում սահմանված վերջնաժամկետի՝ հուլիսի 10-ի կատարման ուղղությամբ։ Կողմերը ցանկանում են այդ ժամանակահատվածում համաձայնության գալ սկզբունքային համաձայնագրի շուրջ, որը պետք է նախատեսի 10% մաքսային բազային դրույքաչափ։
«Այժմ մենք գտնվում ենք այն փուլում, երբ բանակցությունները մտել են եզրափակիչ փուլ, առնվազն սկզբունքային համաձայնության մասով», — նշել է Եվրահանձնաժողովի առևտրի ներկայացուցիչ Օլաֆ Գիլը՝ «Մենք լիովին պատրաստ ենք մինչև չորեքշաբթի օրը ստորագրել սկզբունքային համաձայնագիր և աշխատում ենք ամբողջ ներուժով»։