Առաջարկվում է աջակցություն ցուցաբերել Վայոց ձորի մարզում 2025 թվականի խաղողագործների կողմից արտադրված «Արենի» և «Ոսկեհատ» սորտերի իրացման հարցում: Այդ մասին, այսօր՝ հոկտեմբերի 30–ին, կառավարության նիստում նշեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը։
«Ինչպես միջազգային շուկայում, այնպես էլ Հայաստանում, գինու սպառման որոշակի նվազման միտում է նկատվում, որի արդյունքում մնացել են նախորդ տարվա պատրաստի արտադրանքի մնացորդներ: Այս հանգամանքով պայմանավորված՝ նվազել է խաղողի Արենի և Ոսկեհատ սորտերի նկատմամբ պահանջարկը: Վերամշակողներն այս տարի քիչ շահագրգռված են իրականացնել խաղողի հենց այս երկու սորտերի մթերումները: Միաժամանակ նկատելի է, որ գինի արտադրող կազմակերպությունները, խաղողի որակի նկատմամբ բարձր պահանջներ ունենալով պայմանավորված, հիմնում են իրենց սեփական խաղողի այգիները և մթերումներն իրականացնում են իրենց իսկ այգիներից:
Ընթացիկ տարում Վայոց ձորի մարզում «Արենի» և «Ոսկեհատ» սորտերի խաղողի համախառն բերքը գնահատվում է 5500 տոննա, որից սեփական կարիքների համար օգտագործման և գինու արտադրության նպատակով կնքված պայմանագրի շրջանակներում մթերման ծավալը կազմել է 3400 տոննա, և անհրաժեշտություն է առաջացել աջակցել շուրջ 2100 տոննա «Արենի» և «Ոսկեհատ» սորտերի խաղողի իրացմանը:
Իրացման խնդիրը այս նախագծով առաջարկվում է լուծել 2100 տոննա «Արենի» և «Ոսկեհատ» սորտերի խաղողի հումքով սպիրտի արտադրության համար մթերելու միջոցով:
Նախագծով առաջարկվում է 2025 թվականին Վայոց ձորի մարզում արտադրված «Արենի» և «Ոսկեհատ» սորտերի մթերումներն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին տրամադրել աջակցություն հետևյալ պայմաններով. առնվազն 700 տոննա և ավելի քանակությունը նվազագույնը 220 դրամով մթերված «Արենի» և «Ոսկեհատ» սորտերի խաղողի ամբողջ ծավալի յուրաքանչյուր 1 կգ-ի համար տրամադրել 70 դրամի չափով սուբսիդավորում»,- հայտարարեց փոխնախարարը։



