Ուրալում ադրբեջանական սփյուռքի նախկին առաջնորդ Շահին Շիխլինսկին կարող է դատապարտվել ցմահ ազատազրկման, հաղորդում է 66.RU-ն։
Շահին Շիխլինսկու նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և երկու սպանություն կազմակերպելու մասին հոդվածներով։ Քննությունը նրան համարում է ազգայնական խմբավորման ղեկավար, որի անդամները ներգրավված են եղել Սվերդլովսկի մարզում 2001-ից մինչև 2011 թվականներին տեղի ունեցած սպանությունների և մահափորձերի մեջ։
Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածով գործ հարուցելու պատճառը եղել է այն միջադեպը, որը տեղի է ունեցել հուլիսի սկզբին․ հատուկ ջոկատայինները Եկատերինբուրգի «Բաքու Պլազա» առևտրի կենտրոնի մոտ (Սուլիմովի 21 հասցեում) ձերբակալել են Շահին Շիխլինսկուն, երբ նա, որդու՝ Մութվալիի հետ, ցանկացել էր կայանել Mercedes-Benz G-կլասսի ավտոմեքենան։
Մութվալի Շիխլինսկին հայտնել է, որ իր ձերբակալության ժամանակ դիմակավորված անձինք զենքի սպառնալիքով կոտրել են իր մեքենայի ապակիները: Նա պնդել է, որ շոկի մեջ է եղել և «պատահաբար» մեքենայի դռնով հարվածել է հատուկ նշանակության ուժերի աշխատակցին, ինչի հետևանքով նա ընկել է գետնին և ինչպես հետագայում պարզվել է, «լուրջ մարմնական վնասվածքներ է ստացել»:
Հուլիսի կեսերին դատարանը կալանավորել է Մութվալիին։ Նա իրեն մեղավոր չի ճանաչել։ 66.RU-ի աղբյուրը պարզաբանել է, որ Մութվալի Շիխլինսկու մեղադրանքը խստացվել և վերաորակավորվել է ՌԴ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասից («Կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը») դեպի ՌԴ ՔՕ 318-րդ հոդվածի 2-րդ մաս («Կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը»)։ Ուժային գործողությանը մասնակցած հատուկ ջոկատայինի աշխատակիցը «բավականին երկար ժամանակ բուժում է անցնում»։ Այն հոդվածները, որոնցով մեղադրվում է Մութվալին, նախատեսում են մինչև 10 տարի ազատազրկման պատիժ։
Շահին Շիխլինսկին նույնպես իրեն մեղավոր չի ճանաչում։ Նա մեղադրվում է 2010 թվականին գործարար Ֆեհրուզ Շիրինովի սպանությունը կազմակերպելու մեջ, ով բացահայտ մեղադրում էր Շահին Շիխլինսկուն հանցավոր գործունեության մեջ։ Ըստ քննության վարկածի՝ Շիխլինսկու օգնական Էլման Սուլեյմանովը փորձել է գնդակահարել Շիրինովին, սակայն ատրճանակը խափանվել է և Շիրինովը իր որդու հետ միասին ձերբակալել է հանցագործին։ Սուլեյմանովը հրաժարվել է ցուցմունքներից՝ քննության և դատարանի ընթացքում։ Ադրբեջանական սփյուռքի նախկին ղեկավարին սպառնում է ցմահ ազատազրկում։
Քննության կարծիքով, լռության դիմաց նա միջնորդ Թուրան Քանոևի միջոցով Շիխլինսկուց վճար է պահանջել։ Դրա համար Կանոևին տարել են գերեզմանատուն և կոտրել ոտքերը, նկարահանելով ողջ գործընթացը։ Տուժողը դարձել է հաշմանդամ և շուտով մահացել է։ 66.RU-ի զրուցակցի խոսքով՝ այս հանցագործության վերաբերյալ Շիխլինսկու դեմ ցուցմունք է տվել հենց վարձու մարդասպանը։
Հետաքննությունն ավարտվել է և գործը ուղարկվել է դատարան: Շուտով կսկսվի ներգրավված անձանց դատավարությունը:
Հոր և որդու հետ մեղադրյալի աթոռին հայտնվել են Աքիֆ, Այազ, Բաքիր, Քամալ, Մազահիր Սաֆարով եղբայրները, ինչպես նաև Ասկերա Ռաջաբովը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել սպանությունների և մահափորձերի համար։ 66.RU-ի աղբյուրի տվյալներով՝ մեղադրյալներից մեկը՝ Մազահիր Սաֆարովը, ցուցմունք է տվել և բացահայտել իր հանցակիցներին։ Մյուս մեղադրյալները հերքում են իրենց մեղքը։



