Երեկ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանության ծառայողների մասնակցությամբ տեղի ունեցած խայտառակ միջադեպը մի կարևոր դրվագ ստվերեց։ Անկախության օրը իշխանական թիմի հետ «Եռաբլուր» չէր գնացել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Պապիկյանը բացակայությունը կամ, այսպես ասած, անհետացումը անհասկանալի է, քանի որ սեպտեմբերի 19-ից հետո ՊՆ ոչ մի հաղորդագրությունում չի հիշատակվում, թե նախարարն ինչով է զբաղված։ Վերջին հանդիպումը եղել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ, որի մասին տարածվել է հաղորդագրություն։ Սուրեն Պապիկյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում ևս Փելոսիի հետ հանդիպման մասին հաղորդագրությունը վերջին լուրն է։ Պապիկյանի անհետացումը կարող է երկու բան նշանակել․ կամ նա առողջական լուրջ խնդիրներ ունի, ու վիճակն այնքան ծանր է, որ անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ «Եռաբլուր» չի գնացել, բայց, հաշվի առնելով Պապիկյանի մարդկային կերպարը, վստահաբար կարելի է ասել, որ եթե նույնիսկ ոտքը կտրված լիներ, նա Փաշինյանի կողքին երևալու առիթը բաց չէր թողնի։ Կամ մնում է երկրորդ տարբերակը, ըստ որի՝ Պապիկյանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, ու այցը, ըստ ամենայնի, գաղտնի է։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռազմական գործողությունների ֆոնին Հայաստանի համար կարևոր է հարաբերությունները Ռուսաստանի հետ, ու սրան համադրելով այն, որ օրեր առաջ Պապիկյանը ութ օրով գտնվում էր ԱՄՆ-ում, կարելի է ենթադրել, որ նախարարը գտնվում է Մոսկվայում։



