Ունենք խոստումներ գումարների վերադարձի հետ կա...

Ունենք խոստումներ գումարների վերադարձի հետ կապված, սակայն չունենք հստակ ժամկետներ: Այստեղից չենք գնալու, մինչև չլսենք հստակ օր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիներից մեկը:

«Քաղաքացիների իրավունքները պետք է վերականգնվեն: Ունենք գործողություններ իրականացնելու ԱԺ-ում, Կառավարությունում, պետք է պահանջենք վերոնիշյալ մարմիններից քաղաքացիների ֆինանսական իրավունքների վերականգնումը: Ինչպես հասկանում ենք՝ հավանաբար միայն Քննչական Կոմիտեն չի կարողանում ժամկետներ հնչեցնի»,- նշել է նա:

Խոսելով նախորդ բանկերում տեղի ունեցած զեղծարարությունների մասին՝ քաղաքացին նշեց, որ նախկինում ԱԺ-ում և պետական մարմիններում իրենց կողմից հարցը բարձրաձայնելուց հետո տուժած քաղաքացիների գումարի վերադարձ է իրականացվել, վարկային պահանջները դադարեցվել են, կարծում է՝ իրավունքներն այսօր ևս պետք է վերականգնվեն:

«Օտար երկրներից հանցավոր կազմակերպություններ հարձակվել են մեր քաղաքացիների վրա, արդյունքում ունենք արտագաղթած քաղաքացիներ՝ գումարների կորստի պատճառով»,- ասել է նա:

Հարցին, թե ինչպիսի՞ն պետք է լինեն պետության գործողությունները, եթե քաղաքացիները հավատում ու վճարում են գումարներ անծանոթ մարդկանց, ըստ քաղաքացու՝ պետությունն ունի պարտականություն իր քաղաքացիների համար պետական պաշտպանություն իրականացնելու. «Լուրջ կառույցներն իրազեկում իրականցնելու համար չեն, դրա փոխարեն թող փակեին զեղծարար հարթակները և կանխարգելեին անօրինական գործունեությունը»:

Անդրադառնալով նախորդ զեղծարարությունների մասին՝ քաղաքացին նշեց՝ նախորդ տարիների տուժած քաղաքացիները մինչ օրս պատասխան չեն ստացել, թե իրենց գործն ինչ փուլում է, արդյո՞ք հանցագործները բացահայտվել են, կամ գումարների վերադարձի հույս կա, թե ոչ:

«Քրեադատավարական օրենսգրքի համաձայն՝ տուժող քաղաքացին իրավունք ունի տեղյակ լինել պրոցեսների մասին: Նախորդ դեպքում խնդիրը հենց ՔԿ-ն է լուծել, լուծումները նույնպես քննարկվել է իրենց հետ: Այս դեպքում՝ եթե երկխոսության ճանապարհով չկարողացան լուծում տալ, ստիպված ենք գնալ ծայրահեղ գործողությունների»,- եզրափակեց նա: