ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոստացածի համաձայն, ուղիղ եթեր մտավ 12:00-ին՝ Կառավարությունից: Նա խոսեց Արցախի ժողովրդի մասին.
«Հայաստանում համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցներն ավելի են տուժել: Նախկին համակարգի ներկայացուցիչները գործադրում են իրենց կապերը Արցախում ՀՀ կառավարության ու վարչապետի դեմ ստահոդ լուրեր տարածելու համար:
Դրա տակ տեսնում եմ անգամ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ տարածքներ հանձնելու ու դրա պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու մտադրություն: Սա համարում եմ պետական դավաճանություն: Ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցներ այս դավադիր մտադրություններն արմատախիլ անելու:
Եկել է ժամանակը 2016 ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումանսիրման քննիչ հանձնաժողով ստեղծելու ժամանակը:
Դատական համակարգի վերաբերյալ այսօրվա խորհրդակցությանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կան նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող ուժեր, որոնք փորձում են կիրառել բանաձևը՝ տարաձայնություններ, հակասություններ ու թշնամանք հրահրել Հայաստանի ու Արցախի ժողովրդի միջև»:
Նա կոչով դիմեց նաև Արցախի ժողովրդին՝ ասելով.
«Կոչ եմ անում Արցախի մեր ժողովրդին միանշանակ և աներկբա ոչ ասել և մերժել բոլոր այն ուժերին, ում գործունեությունն ուղղված է մեր ժողովրդի երկու հատվածների միջև հակասություններ սերմանելուն: Արցախի ժողովրդին կոչ եմ անում աջակցել միայն այն ուժերին, ովքեր հանդես են գալիս Հայաստանի ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ կառավարությանն աներկբա աջակցության դիրքերից: Մյուս բոլոր ուժերը միանշանակ և աներկբա միայն մեկ նպատակ ունեն՝ Արցախի ժողովրդին օգտագործել իրենց նեղ խմբային շահերը սպասարկոելու, նախկինում գործած հանցագործությունների համար պատասխանատվությունից խուսափելու համար: Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության դեմ դավադրություններ հրահրելու համար»:



