ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության հաստատման շուրջ բանակցություններում «զգալի առաջընթաց» է գրանցվել և մնացել է կարգավորելու միայն մեկ՝ վերջին հարցը։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին Ուիթքոֆը հայտարարել է Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում։
«Եթե երկու կողմերն էլ ցանկանում են լուծել այս հարցը, մենք կլուծենք այն։ Կարծում եմ՝ մենք մեծ առաջընթաց ենք գրանցել»,- նշել է Ուիթքոֆը։
Ուկրաինայի ապագայի վերաբերյալ նախաճաշի ժամանակ, որին մասնակցել են ՆԱՏՕ-ի քարտուղար Մարկ Ռյուտեն և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստաբը, Ուիթքոֆը տեղեկացրել է, որ օրվա վերջում լինելու է Մոսկվայում։
Ռյուտեն իր հերթին համոզմունք է հայտնել, որ Թրամփը հանձնառու է Ուկրաինայի անկախությանն ու ինքնշխանությանը։ «Ես դա երբեք կասկածի տակ չեմ դրել»,- ասել է նա։



