
Պատերազմող Ուկրաինայում ևս մեկ հայկական եկեղեցի կկառուցվի: Այս մասին տեղեկացնում է AnalitikaUA.net-ը։
Խմելնիցկիյ քաղաքում տեղի է ունեցել նոր կառուցվող Եկեղեցու հիմքերի օրհնության հանդիսավոր արարողությունը։ Այն կատարել է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, որի ձեռամբ 16 վեմ քարեր օծվել և ամփոփվել են կառուցվող եկեղեցու հիմքերում։
Հոգևոր նշանակալի իրադարձությանը մասնակցելու էին ժամանել ուխտավորներ Ուկրաինայի տարբեր քաղաքներից՝ Կիևից, Օդեսայից, Խարկովից, Լվովից, Խմելնիցկիից, Չեռնովցիից, Տեռնոպոլից և այլ համայնքներից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ եկեղեցիների կառուցումը, նույնականացումը, վերականգնումն ու պահպանումը Ուկրաինայի հայկական սփյուռքի գործունեության հիմնական ուղղություններից է։ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի խոսքով՝ հայկական ավանդույթների համաձայն, եկեղեցին ոչ միայն հոգեւոր կենտրոն է, այլեւ մշակութային կենտրոնի դեր է կատարում։