Ուկրաինայի էներգետիկայի նախարար Դենիս Շմիհալը հայտնել է, որ հանրապետության ենթակառուցվածքների վնասման պատճառով վառելիքի պաշարները կբավարարեն մոտավորապես 20 օր։ Նախարարը նշել է, որ իրավիճակը ծանր է հատկապես Կիևում, Օդեսայի մարզում և մերձճակատային շրջաններում։
Շմիհալի խոսքով՝ ռուսները իրենց ամբողջ զինանոցը՝ բալիստիկ հրթիռներ, թևավոր հրթիռներ և արդիականացված անօդաչու թռչող սարքեր, օգտագործում են կարևորագույն ենթակառուցվածքների դեմ։ Անցյալ տարի Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա իրականացվել է 612 թիրախային համակցված հարձակում։
Նախարարը նշել է, որ մտադիր են մեծացնել էլեկտրաէներգիայի ներմուծումը ԵՄ երկրներից, մի շարք քաղաքներում ձմեռային շրջանի նախապատրաստական աշխատանքները գործնականում ձախողվել են, ենթակառուցվածքների վրա կրկնվող հարվածների պատճառով վերականգնման աշխատանքները բարդանում են։
Լոնդոնը հայտնել է, որ Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ 20 միլիոն ֆունտ ստեռլինգ (մոտավորապես 27 միլիոն եվրո)՝ ռուսական հարձակումներից տուժած նրա էներգետիկ ենթակառուցվածքին աջակցելու համար:
Ուկրաինայի էներգետիկ հատվածին բրիտանական օգնության ընդհանուր ծավալը, հաշվի առնելով նոր փաթեթը, կգերազանցի 470 մլն ֆունտը։ Միջոցները կուղղվեն էներգամատակարարման վերականգնմանն ու պաշտպանությանը, ինչպես նաև երկրի ամբողջ տարածքում խիստ ձմեռային պայմաններում տների ջեռուցումը պահպանելուն:



