Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմ...

Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոն Գինքելը հուլիսի 2-ին հրավիրվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն՝ քննարկելու ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության կարևորությունը։ Այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը՝ հղում անելով Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Ամերիկացի դիվանագետի հետ զրույցի հիմնական թեման ԱՄՆ ռազմական օգնությունն ու երկու երկրների միջև պաշտպանական համագործակցությունն է եղել՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիայի ֆոնին։

«Ուկրաինական կողմը շեշտել է, որ Ուկրաինայի պաշտպանական կարողություններին աջակցելու ցանկացած հետաձգում կամ տատանում միայն կխրախուսի ագրեսորին շարունակել պատերազմն ու ահաբեկչությունը, այլ ոչ թե ձգտել խաղաղության», - ասվում է Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Հաղորդվում է նաև, որ կողմերը քննարկել են պաշտպանական մատակարարումների վերաբերյալ խորհրդակցությունները, որոնք ներկայում ընթանում են բոլոր մակարդակներում, և Ուկրաինայի ու Միացյալ Նահանգների միջև հետագա շփումները, որոնք կնպաստեն Կիևի պաշտպանունակության ամրապնդման համար փոխշահավետ լուծումների որոնմանը, ինչպես նաև Ռուսաստանի վրա ճնշման մեծացումը՝ խաղաղության ջանքերն առաջ մղելու համար։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պենտագոնը դադարեցրել է Ուկրաինային մի քանի տեսակի հրթիռների մատակարարումները՝ ԱՄՆ-ում սպառազինությունների պաշարների հետ կապված մտահոգությունների ֆոնին։

NBC News-ի տվյալներով՝ կասեցված ապրանքների թվում են տասնյակ հրթիռներ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար, 155 մմ տրամաչափի հազարավոր հրետանային արկեր, ավելի քան 100 Hellfire հրթիռներ, GMLRS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի ավելի քան 250 արկեր, տասնյակ Stinger երկիր-օդ դասի հրթիռներ և AIM օդ-օդ հրթիռներ, ինչպես նաև նռնականետներ։