
Ուկրաինական պատվիրակությունը Ստամբուլում ռուսական կողմի հետ բանակցություններից առաջ Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին Telegram-ում հայտնել է Նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։
Պաշտոնյայի խոսքով՝ Էրդողանի հետ բանակցությունների ընթացքում համաձայնեցվել են դիրքորոշումները Ստամբուլում ռուսական կողմի հետ հանդիպումից առաջ, քննարկվել են անվտանգության ոլորտում համագործակցության հարցեր, տարածաշրջանային կայունության մարտահրավերները, ինչպես նաև Ուկրաինայի և Թուրքիայի միջև պաշտպանական հետագա համագործակցության հեռանկարները։
Բացի այդ, քննարկվել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման կարևորությունը՝ ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի վերաբերյալ իրական բանակցությունների անցնելու համար։
Երմակը շնորհակալություն է հայտնել Թուրքիային և նրա ղեկավարին ՌԴ-ի դեմ պատերազմի ընթացքում Ուկրաինային «հետևողականորեն աջակցելու համար»։
Ուկրաինական պատվիրակությունը հանդիպում է անցկացրել նաև Թուրքիայի նախագահի խորհրդականի և արտաքին գործերի նախարարի հետ։
Տեղական ժամանակով ժամը 19։00-ին (Երևանի ժամանակով՝ 20։00-ին) Ստամբուլում նախատեսված է ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը։ Բանակցությունների նախորդ երկու փուլերը՝ մայիսին և հունիսին, նույնպես տեղի են ունեցել Ստամբուլում։