Ուկրաինայի պատերազմից կարելի էր խուսափել. Կոբ...

«Ուկրաինայի պատերազմից կարելի էր խուսափել»,- կրկնում է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Այդուհանդերձ, «մի շարք սուբյեկտներ արել են հնարավոր ամեն ինչ՝ նպաստելու Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական ագրեսիային», - Զեստաֆոնիում լրագրողներին ասել է Վրաստանի կառավարության ղեկավարը, հաղորդում է «Էխո Կավկազա»-ն։ 

«Ցավոք, տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ, և դա կործանարար հետևանքներ ունեցավ մեր բարեկամ երկրի՝ Ուկրաինայի համար։ Իհարկե, ցանկացած պատերազմից կարելի է խուսափել։ 2008-ի պատերազմից կարելի էր հեշտությամբ խուսափել, Ուկրաինայի պատերազմից կարելի էր խուսափել, բայց որոշ ուժեր, այսպես կոչված, Deep State-ը՝ («Խորքային պետություն») պատերազմի համաշխարհային կուսակցությունն ամեն ինչ արեց, որպեսզի Ուկրաինայում պատերազմ սկսվի», - ասաց վարչապետը, որի լեգիտիմությունը չի ճանաչում հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը և հասարակության մի մասը։

Նմանատիպ մեկնաբանություններ Կոբախիձեն արել էր նաև նախկինում, այդ թվում՝ նախորդ օրը՝ պատասխանելով Business Media առցանց լրատվականի լրագրողի հարցերին: Նա նաև ընդգծել է, որ Վրաստանում ուկրաինական սցենարի զարգացումը կանխվել է «Վրացական երազանքի» շնորհիվ։

«Քայլ առ քայլ ամեն ինչ տանում էր դեպի այս պատերազմը։ Քանի որ մենք չարեցինք այն, ինչ պահանջում էր արմատական ​​ընդդիմությունը, այն, ինչ եղավ Ուկրաինայում, չեղավ [Վրաստանում]», - ասել է Կոբախիձեն։

Վարչապետը պարզաբանեց, որ ինքը չի ասել, որ Ուկրաինան է մեղավոր պատերազմի համար. «Ես ասել եմ, որ Ուկրաինան չկարողացավ խուսափել նրանից, ինչից հնարավոր էր խուսափել»,- ասել է նա։