Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դա...

Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք, CNN primanews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իհարկե, սրա մասին երբեք բարձրաձայն չի ասվել, բայց կարծում եմ՝ դա տեսանելի է. Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք: Եվ մեր զգացումն այդ պատերազմից, այդ հակամարտությունից՝ անհանգստությունն է, որովհետև դա ուղիղ ազդում է մեր բոլոր հարաբերությունների վրա»,- մասնավորապես, ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Արևմուտքում նկատում են, որ մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք, ավելի շատ դա են նկատում, Ռուսաստանում տեսնում են, որ մենք Ուկրաինայի պատերազմում իրենց դաշնակիցը չենք, և ստացվում է, որ մենք այս իրավիճակում ոչ մեկի դաշնակիցը չենք, ինչը նշանակում է, որ խոցելի ենք: Որովհետև, ընդ որում, թվում է, թե կա տարբերակ խուսանավել այս բոլոր բախումների միջև, բայց նաև ճշմարտությունն այն է, որ ինչքան բարդանում է իրադրությունը, այնքան նեղանում է խուսանավելու հնարավորությունը: Մենք ոչ թե խուսանավում ենք նրա համար, որ մենք կարծիքներ չունենք իրավիճակի վերաբերյալ, այլ մենք խուսանավում ենք  այն պատճառով, որ մեր հոգսերը, ցավոք, ավելին են, քան թույլ կտան մեզ ավելի շատ ներգրավված լինել այլ հոգսերի լուծման գործում»,- հավելել է նա: