ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության շուրջ բանակցությունները շարունակվում են և ընթանում են բնականոն հունով։ Այս մասին հայտնել է Թրամփը լրագրողների հետ զրույցում։
«Ուկրաինայի և Ռուսաստանի շուրջ բանակցությունները շարունակվում են»,- ասել է նա` հավելելով, որ քննարկումներն ընթանում են «բնականոն հունով»։
Թրամփի խոսքով՝ նախորդ ամիս զոհվել է շուրջ 27000 մարդ, մեծամասամբ՝ զինվորներ։
«Այս երկու առաջնորդների՝ նախագահ Պուտինի և նախաահ Զելենսկու միջև կա հսկայական ատելություն, և ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք հաջողության հասնել։ Մենք բանակցում ենք, բանակցությունները լավ են ընթանում», - ասել է Թրամփը լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել են ամերիկյան ԶԼՄ-ները։
Ուկրաինան և Միացյալ Նահանգները մի շարք խորհրդակցություններ են անցկացրել Մայամիում դեկտեմբերի 19-21-ն ընկած ժամանակահատվածում։
Միաժամանակ բանակցություններ են ընթացել ԱՄՆ ներկայացուցիչների և Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի միջև։



