Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին մտահոգություն են հայտնել ռազմաճակատում ստեղծված բարդ իրավիճակի կապակցությամբ։
Ուկրաինայի նախագահը թվարկել է յոթ ուղղություն, որտեղ իրավիճակը բարդ է, այդ թվում՝ Ավդեևկան, Բախմուտը, Կուպյանսկը, Զապորոժիեն, Խերսոնը և այլն, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
Զելենսկին նշել է, որ երեկ լսել է ռազմական և արտաքին հետախուզության ղեկավարներ Կիրիլ Բուդանովի և Ալեքսանդր Լիտվինենկոյի զեկույցները։ Թե կոնկրետ ինչ է զեկուցվել, ուկրաինացի առաջնորդը չի մանրամասնել։
Գեներալ Զալուժնին իր հերթին ԱՄՆ շտաբի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Չարլզ Բրաունի հետ հեռախոսազրույցում մանրամասն խոսել է ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին՝ այն որակելով ծանր։
Միաժամանակ, ըստ գեներալի, Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են գրոհները որոշակի ուղղություններով և կենդանի ուժի ու տեխնիկայի զգալի կորուստներ են պատճառում հակառակորդին։
Նոյեմբերի սկզբին Զալուժնին հայտարարեց ուկրաինական բանակի անհաջող հակահարձակման և Ռուսաստանի հետ պատերազմում «փակուղու» մասին։ Զելենսկին չհամաձայնեց դրա հետ և խոստացավ այս տարի «արդյունք ցույց տալ» մարտի դաշտում, ինչպես նաև շարունակել հարձակումը 2024 թվականին։



