
Ուկրաինայի զինված ուժերը շուտով կստանան նոր հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք կօգնեն հետ մղել թշնամու անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարձակումները, հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, հաղորդում է РБК-Украина-ն։
«Մենք նաև դրական նորություններ ենք պատրաստում հակաօդային պաշտպանության և անօդաչու թռչող սարքերի ամրապնդման վերաբերյալ։ Մենք կզարգացնենք ուժերը, պատերազմը նոր մարտահրավերներ է առաջադրում, մենք կհաղթահարենք դրանք», - նշել է Զելենսկու գրասենյակի ղեկավարը։
Ավելի վաղ, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հակաօդային պաշտպանությունն անվանել է Ուկրաինայի ռազմավարական առաջնահերթություններից մեկը և հավելել, որ միայն հունիսին ռուսական ուժերն ավելի քան 3500 հրթիռ և անօդաչու թռչող սարք են արձակել։
Երեկ՝ հունիսի 23-ին, Ուկրաինայում բացվել է NASAMS հակաօդային պաշտպանության համակարգեր արտադրող նորվեգական Kongsberg Defence and Aerospace ընկերության գրասենյակը։ Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ բնակչության և կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանությունն ամրապնդվում է ռուսական հրետակոծություններից։