Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը «Новини. Live» հարցազրույցում հայտնել է, որ 2025թ. հունվարի 1-ից Կիեւը դադարեցնելու է ռուսական գազի եւ նավթի տարանցումը Եվրոպա, բայց պատրաստ է կատարել դա այլ երկրներից։
«Այո, դա կարող է լինել այլ տարանցիկ գազ, որը կգնա, օրինակ, միջերկրածովյան երկրներ։ Այսօր Եվրոպան դիվերսիֆիկացրել է Ռուսաստանից նավթի եւ գազի մատակարարումները։ Հիշեցնեմ, որ գազից բացի 2025թ. հունվարի 1-ից աշխատանքը դադարեցնելու է նաեւ «Դրուժբա» նավթատարը։ Նավթը դրանով ստանում էին Սլովակիան, Չեխիան եւ մեր սիրելի Հունգարիան։ ԵՄ բանաձեւի համաձայն՝ նրանք պետք է նավթի դիվերսիֆիկացման հնարավորություններ գտնեն եւ դադարեցնեն ռուսականի տարանցումն Ուկրաինայով։ Նույնը վերաբերում է նաեւ գազին»,- ասել է Պոդոլյակը։
Նրա խոսքով, եթե եվրոպական երկրներից մեկը հարկ համարի գազ ստանալ Ղազախստանից կամ Ադրբեջանից, ապա Ուկրաինան «պատրաստ է տարանցել այն»։ Դրա համար, նշել է Պոդոլյակը, պետք է լինեն «համապատասխան լոգիստիկա, պայմանագրեր, որտեղ նշված կլինի Ուկրաինայի տարանցիկ դերը»։
Ռուսական «Գազպրոմի» եւ ուկրաինական «Նավթոգազի» պայմանագիրը Արեւմտյան եւ Կենտրոնական Եվրոպայի երկրներ Ուկրաինայի տարածքով գազի տարանցման մասին ավարտվում է 2024թ. վերջին։ Ուկրաինական կողմը քանիցս ասել է, որ այն չի երկարացնելու։ Օգոստոսի վերջին այս մասին նորից հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Ռուսաստանի հետ պայմանագիրը ոչ ոք չի երկարացնելու։ Այստեղ մենք վերջակետ ենք դրել։ Ինչ վերաբերում է այլ ընկերություններից գազի տարանցմանը, եթե շարունակվի մեր որոշ եվրոպական գործընկերների պահանջմունքը, մենք այդ ժամանակ կդիտարկենք այլ հարցեր»,- ասել է Զելենսկին։
Ռուսական նավթը «Դրուժբա» նավթատարով ստանում են Հունգարաին, Չեխիան եւ Սլովակիան։ Խողովակաշարի հյուսիսային ճյուղը անցնում է Բելառուսով եւ Լեհաստանով դեպի Գերմանիա, իսկ հարավայինը՝ Ուկրաինայով Սլովակիա, Չեխիա եւ Հունգարիա։ Մինչ այդ «Դրուժբայով» ռուսական նավթի գնորդն էր Գերմանիան, բայց մատակարարումներն այդ երկիր դադարեցվել են 2023թ. սկզբին պատժամիջոցների պատճառով, որոնք ԵՄ-ը դրել է նավթատարի հյուսիսային ճյուղի վրա։ «Ведомости»-ն գրել է, որ օգոստոսին իտալական Eni-ի ղազախստանյան դուստր ձեռնարկությունը՝ Agip Caspian Sea-ն, սկսել է ղազախական նավթը մատակարարել Գերմանիա այդ խողովակաշարով։ Այն դարձել է ղազախական երրորդ ընկերությունը, որը նավթ է արտահանում Գերմանիա «Դրուժբայով»։
Հուլիսի կեսին հայտնի դարձավ, որ Ուկրաինան կանգնեցրել է նավթի տարանցումը ռուսական «Լուկօյլ» ընկերությունից Սլովակիա եւ Հունգարիա։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհորդն ընդլայնել է «Լուկօյլի» պատժամիջոցները՝ ավելացնելով, մասնավորապես տարանցման արգելքը։