Ուկրաինան կարող է ընտրություններ անցկացնել, բ...

Ուկրաինայում ընտրությունների հարցը խաղաղության ծրագրի կետերից մեկն է։ Գործընկերները կարծում են, որ քվեարկությունը պետք է տեղի ունենա համաձայնագրի ստորագրումից հետո «հնարավորինս շուտ»։ Ինչպես տեղեկացնում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն՝ այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«(Խմբ.՝ խաղաղության ծրագրի) 18-րդ կետն է այն, որ Ուկրաինան պետք է ընտրություններ անցկացնի հնարավորինս շուտ՝ համաձայնագրի ստորագրումից հետո։ Որքան հնարավոր է շուտ։ Դա գործընկերների տեսլականն է։ Դե, մենք հասկանում ենք, թե որտեղից է դա գալիս», - բացատրել է  Զելենսկին։

Նախագահը նշել է, որ Ուկրաինան կարող է ընտրություններ անցկացնել, բայց պետք է նաև անվտանգություն լինի այդ գործընթացի համար։

Միևնույն ժամանակ նա նշել է այն հարցերը, որոնց վերաբերյալ կարող են բարդություններ լինել: Նրա խոսքով՝ հավանաբար, անհրաժեշտ կլինի հատուկ դրություն սահմանել, մինչ «զորքերը հետ են քաշվում կամ հետ չեն քաշվում»։ Զելենսկին նաև հարց է բարձրացրել, թե ինչ անել զորահավաքի հարցում՝ չանցկացնե՞լ, վերափոխել թե՞ չանել մասնակիորեն և մասնակիորեն զորացրել մարդկանց։

«Բայց ամենագլխավորն է որևէ ժամկետով չկորցնել զորքերը, չկորցնել դիրքերը։ Դա շատ վտանգավոր է», - հավելել է Զելենսկին։

Նախագահը նաև հնարավոր է համարել, որ համաձայնագրի ստորագրումից հետո որոշ ժամանակ ռազմական դրությունը կարող է չվերացվել, օրինակ, կես տարով կամ մի քանի ամսով։

Այդ ժամանակ, անվտանգության ապահովման դեպքում տեղի կունենան Ուկրաինայի նախագահի ընտրություններ, իսկ երբ արդեն չեղյալ կհայտարարվի ռազմական դրությունը, կանցկացվեն խորհրդարանական և տեղական ընտրությունները։

Նա նաև չի բացառել, որ ընտրությունները կարող են տեղի ունենալ հանրաքվեի հետ միաժամանակ։

Ավելի վաղ նախագահ Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստ կլինի ընտրությունների 60-90 օր այն բանից հետո, երբ երաշխավորվի ընտրողների անվտանգությունը, և ժողովրդական պատգամավորների կողմից ընդունվեն անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ։ Նրա հայտարարությունը հնչել է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեկնաբանություններից հետո։ Նման մեկնաբանություններ բազմիցս արել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Զելենսկին նշել է հիմնական հարցերը՝ ընտրողների անվտանգություն, ռազմաճակատում գտնվող զինվորականների մասնակցություն, արտասահմանում գտնվող ուկրաինացիների քվեարկություն և ներքին տեղահանված անձանց գրանցում:

Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրողների ընդհանուր թիվը գերազանցում է 33 միլիոնը, սակայն մոտավորապես 5-7,5 միլիոնը գտնվում են արտերկրում, իսկ ավելի քան 1,4 միլիոնը պաշտոնապես գրանցված չեն։