
Օգոստոսի 12-ի գիշերը ժամը 3-ի սահմաններում ուկրաինական անօդաչու սարքերը հարվածել են Ստավրոպոլի սինթետիկ բյուրեղների առանցքային արտադրող «Մոնոկրիստալ» քիմիական գործարանին։ Դրանք կիրառվում են նաև զենքի արտադրության մեջ։ Այս մասին հայտնում են Astra-ն և ուկրաինական Exilenova+ ռեսուրսը։ Ընկերության տարածքում հրդեհ է բռնկվել, ինչի մասին վկայում են հրապարակված լուսանկարներն ու տեսանյութերը։ Տեղի բնակիչները գիշերը հայտնել են քաղաքում մի քանի պայթյունների և անօդաչու թռչող սարքերի ուղղությամբ ՀՕՊ համակարգերի կրակոցների մասին։ Օդային տագնապի ազդանշան է հնչել նաև հարևան Նևիննոմիսկ քաղաքում, որտեղ գտնվում են մի շարք քիմիական ձեռնարկություններ, որոնք նախկինում արդեն թիրախ են դարձել Ուկրաինայի Զինված ուժերի համար։
Ստավրոպոլի վրա հարձակման մասին տեղեկությունը հաստատել են քաղաքապետ Իվան Ուլյանչենկոն և Ստավրոպոլի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը։ Երկու պաշտոնյաներն էլ լռել են գործարանի վրա հարձակման մասին, սակայն հայտնել են ուկրաինական հարձակումը հաջողությամբ հետ մղելու մասին։ Քաղաքապետի խոսքով՝ հարձակման հետևանքով «սոցիալական օբյեկտներից մեկում» ապակիներ են կոտրվել, ինչպես նաև անօդաչու սարքերի բեկորների անկման հետևանքով վնասվել են քաղաքի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող բնակելի համալիրներից մեկի պատուհանները և մի քանի ավտոմեքենաներ։ «Տեղում աշխատում են քաղաքի բոլոր արտակարգ ծառայությունները», - գրել է քաղաքապետը։
«Մոնոկրիստալը», որը «Էներգոմերա» կոնցեռնի մաս է կազմում, իրեն դիրքավորում է որպես արհեստական կորունդի (շափյուղա) աշխարհի առաջատար արտադրողներից մեկը։ Բյուրեղը՝ որպես ամուր և թափանցիկ նյութ, օգտագործվում է օպտիկական համակարգերում, սենսորների և լազերների պաշտպանիչ տարրերում, այդ թվում՝ ռազմական սարքերում՝ նշանոցներում, ջերմատեսիլներում, լազերային համակարգերում, հրթիռների ինքնանշանառման գլխիկներում, անօդաչու թռչող սարքերի տեսախցիկների պատյաններում, ինչպես նաև ավիացիոն և տիեզերական տեխնիկայի սարքերի պատուհաններում, նշում է Exilenova+-ը։ Գործարանը նաև արտադրում է սիլիցիումի կարբիդ, որը երկակի նշանակության հիմնական նյութ է, որն օգտագործվում է զրահապատ պաշտպանության, ռադարների և ռազմական էլեկտրոնիկայի մեջ։