Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Ֆյոդորովը Ֆրանսիայի Զինված ուժերի նախարար Կատրին Վոտրենի հետ երկու երկրների տարածքում զենքի համատեղ արտադրության վերաբերյալ մտադրությունների նամակ է ստորագրել։ Դրա մասին Ֆյոդորովը հայտնել է իր թելեգրամյան ալիքում։
Ըստ ուկրաինացի նախարարի՝ դա ճանապարհ է բացում ռազմարդյունաբերական համալիրում Ուկրաինայի և Ֆրանսիայի միջև համատեղ լայնածավալ նախագծերի համար։
Մասնավորապես, երկու երկրների կառավարություններն ու պաշտպանական ընկերությունները կկենտրոնանան ռադիոէլեկտրոնային պայքարի նորարարական համակարգերի մշակման վրա։
Ֆյոդորովը նշել է, որ Ուկրաինան շահագրգռված է SAMP/T, Mistral և Crotale համակարգերի, ինչպես նաև դրանց համար զինամթերքի հետագա մատակարարմամբ։ Ֆրանսիացի նախարարի հետ նրանք պայմանավորվել են աշխատել SAMP/T համալիրի բարելավման ուղղությամբ՝ բալիստիկ սպառնալիքներին ավելի արդյունավետ հակազդելու համար:
Կողմերը քննարկել են նաև համատեղ ծրագրերի ֆինանսավորումը, մասնավորապես՝ Եվրամիությունից SAFE ծրագրի միջոցով։
Ինչպես գրել էին, Ուկրաինայում այցով գտնվող Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Կատրին Վոտրենին ցուցադրել են ֆրանսիական SAMP/T և Mistral հակաօդային պաշտպանության համակարգերը, ինչպես նաև մարտական դիրքերում տեղակայված Mirage 2000 կործանիչները։
Վոտրենը Կիևում հայտարարել է, որ Ֆրանսիան Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ ռադար SAMP/T զենիթահրթիռային համակարգի համար որպես փոխարինում, մինչև դրանցից մեկը վերանորոգվում է։



