
Ուկրաինակյան պատվիրակությունը Փարիզում առաջին բազմակողմ հանդիպումն է անցկացրել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հինգշաբթի՝ ապրիլի 17-ին, հայտնել են Ուկրաինայի նախագահի աշխատակազմից։ Այսօր Ֆրանսիայի մայրաքաղաք է ժամանել ուկրաինական պատվիրակությունը, որի կազմում են նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, արտգործնախարար Անդրեյ Սիբիգան և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, գրում է korrespondent.net-ը։
Նշվել է, որ Ելիսեյան պալատում բանակցություններին մասնակցել են «կամավորների կոալիցիայի» մաս կազմող երկրների ներկայացուցիչներ՝ Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական խորհրդական Էմանուել Բոննը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոնաթան Փաուելը և Գերմանիայի կանցլերի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Յենս Պլյոթները։
«Կողմերը մտքեր են փոխանակել կայուն և հարատև խաղաղության հաստատման հետագա քայլերի շուրջ, մասնավորապես՝ ամբողջական հրադադարի իրականացում, անվտանգությունը երաշխավորող բազմազգ ռազմական կոնտինգենտի ներգրավում և Ուկրաինայի համար արդյունավետ անվտանգության ճարտարապետության կառուցում», - ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ից 18-ը Փարիզում բանակցություններ են ընթանում Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու ուղղությամբ: Միացյալ Նահանգները պատվիրակություն է ուղարկել, որի կազմում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկովը: