
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, Իսրայել կժամանեն Եգիպտոսում Գազայի շուրջ անցկացվող բանակցությունների ավարտից անմիջապես հետո: Այս մասին հաղորդում է Haaretz թերթը։
Ուիթքոֆը և Քուշները հոկտեմբերի 9-ին Իսրայել կժամանեն Եգիպտոսից, որտեղ նրանք որպես միջնորդներ են հանդես գալիս Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի հակամարտության կարգավորման շուրջ անուղղակի բանակցություններում։
Ավելի վաղ Շարմ էշ Շեյխում անցկացված եռօրյա բանակցություններից հետո Իսրայելի իշխանությունները և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնել են Գազայի հատվածում հակամարտության կարգավորման՝ ԱՄՆ նախագահի առաջարկած պլանի առաջին փուլին։
Սպասվում է, որ համաձայնագրի պլանի առաջին փուլի իրագործումը կսկսվի հոկտեմբերի 13-ին։ Առաջին փուլում ողջ մնացած պատանդներն ու զոհվածների մարմինները կվերադարձվեն իսրայելական կողմին, իսկ Իսրայելը 24 ժամվա ընթացքում կհեռացնի զորքերը դեպի համաձայնեցված գիծ։
Al-Arabi Al-Jadeed հրատարակության տվյալներով՝ պլանը նաև ենթադրում է հինգ կետերի անհապաղ բացում՝ հումանիտար օգնություն անկլավ տեղափոխելու համար։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ավելի վաղ հայտարարել էր, որ երկրի կառավարությունը հոկտեմբերի 9-ին նիստ կանցկացնի հակամարտության դադարեցման համաձայնագրին հավանություն տալու համար, որից հետո երկու կողմն էլ կսկսեն պլանի առաջին փուլի իրագործումը։