ԱՄՆ հատուկ դեսպան Սթիվ Ուիտկոֆը խախտել է արարողակարգը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում հանդիպման ժամանակ՝ հանդիպմանը գնալով առանց Պետդեպարտամենտի ներկայացուցչի, որը սովորաբար նշումներ է անում: Սա հանգեցրել է խառնաշփոթի, և Ուիտկոֆը սխալ է ներկայացրել Կրեմլի դիրքորոշումը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով մի քանի աղբյուրների:
Օգոստոսի 6-ին Մոսկվայում Պուտինի հետ հանդիպումից հետո Ուիտկոֆը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ասել է, որ Ռուսաստանի նախագահը, իբր, պատրաստ է զգալի տարածքային զիջումներ առաջարկել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար, հաղորդում է DW-ն: Թրամփը, լսելով դա, համաձայնել է գագաթնաժողով անցկացնել Պուտինի հետ:
Հաջորդ օրը Ուիտկոֆը մի քանի եվրոպացի առաջնորդների ասել է, որ Պուտինը պատրաստ է զորքերը դուրս բերել Զապորոժիեի և Խերսոնի մարզերից՝ Կիևի կողմից Դոնեցկի և Լուգանսկի զիջման դիմաց, ասել է Reuters-ի աղբյուրը, որը ծանոթ է զրույցին: Առաջարկը «շոկի մեջ է գցել ներգրավվածներին», քանի որ այն այնքան հակասում էր Պուտինի դիրքորոշման վերաբերյալ նրանց սեփական գնահատականներին, ասել են չորս աղբյուրներ, այդ թվում՝ ԱՄՆ և Եվրոպայի պաշտոնյաներ:
Սակայն հաջորդ օրը Ուիտկոֆն ասաց, որ Կրեմլը իրականում չի առաջարկել զորքերը դուրս բերել երկու ուկրաինական շրջաններից, այլ պարզապես հստակեցրել է, որ չի պահանջի, որ Արևմուտքը պաշտոնապես ճանաչի Զապորոժիեի և Խերսոնի շրջանները որպես Ռուսաստանի մաս։
Ռոյթերսի աղբյուրների համաձայն՝ որոշ ամերիկացի պաշտոնյաներ, այդ թվում՝ Թրամփի Ուկրաինայի հարցերով խորհրդական Քիթ Քելոգը, դժգոհ էին, որ Ուիտկոֆը հակասական տեղեկություններ էր բերում Մոսկվայից այն ժամանակ, երբ Վաշինգտոնը ավելի կոշտ դիրքորոշում էր ընդունում Ռուսաստանի նկատմամբ։



