Տղա եք, Սամվել Կարապետյանին բաց թողեք Գառնիկ...

Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի հետապնդումը պայմանավորված է առաջին հերթին իր ազգային կերպարով. Նիկոլ Փաշինյանն իր ամբողջ էությամբ չարիքով տրամադրված է մեր ազգային արժեքների, ազգային պատկանելիության նկատմամբ։ Այս մասին, այսօր՝ մարտի 13–ին, կառավարության դիմաց ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի  ակցիայի ժամանակ ասաց  «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գառնիկ Դավթյանը։

Նա ընդգծեց, որ Փաշինյանը պարբերաբար հալածում է մեր ազգային արժեքները, ինքնությունը. «Սա մեր վերջին խրամատն է, վերջին պաշտպանական գիծն է, որից հետո չենք ունենալու Հայաստանի այն պատկերը, որը հիմա կա։ Մեր այսօրվա պայքարը, նախ պայմանավորված է Սամվել Կարապետյանին անհապաղ ազատ արձակելուն։ Սամվել Կարապետյանը իր գործով, իր մտքով, իր ոգով միշտ էլ լինելու է ուժեղ՝ անկախ նրանից, թե ինչքան կտևի կալանքը։ Մարդիկ մտածում էին՝ դե, լավ, հինգ օր հետո կպայմանավորվեն, 10 օր հետո կպայմանավորվեն, բայց արդեն շուրջ ինը ամիս է, Սամվել Կարապետյանը գտնվում է ապօրինի անազատության մեջ։ Ինչի՞ համար, մի հատ պարզ արտահայտության, որ եթե քաղաքական գործիչները չկարողանան այս հարցին լուծում տալ, մենք էլ մեր ձևով կմասնակցենք։

Այսօրվա իրականությունը խոսում է այնա մասին, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն կտրվել է իրականությունից, այլ առհասարակ հայի կերպարանքից»,–ասաց Գառնիկ Դավթյանը։

Նա հավելեց. «Սամվել Կարապետյանը պետք է գտնվի ազատության մեջ, և եթե մի քիչ ավելի ժողովրդավարական խոսքով ասեմ՝ էդքան տղա եք, բաց թողեք, տեսնենք ընտրություններով կարա՞ք հաղթեք, թե՞ չէ։ Թե չէ կալանավորելով մարդուն շատ հեշտ է ասել՝ մենք պայքարում ենք մեր ինքնիշխանության, մեր անկախության համար։ Հայաստանը վերջին մի քանի տարում զեղչել է և ինքնիշխանությունը, և առհասարակ մեր անկախությունը։

Մենք շատ լավ տեսնում ենք, երբ որ գնում եք դուրս, Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարներին ինչպիսի ժպիտով, կուզուպարզ լինելով, խնդրելով, ոնց եք իրենց հետ շփվում, իսկ վերադառնալով Հայաստան, աջ ու ձախ ում ասեք՝ հալածում եք՝ անկախ նրանից այդ մարդը ունի քաղաքական ընկալում, թե չէ։

Ամենավառ օրինակը հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ ձեր արշավանքն է։ Սա իմ՝ որպես հայ, որպես ՀՀ քաղաքացու պատվի հարց է, ես չեմ կարող իմ ինքնությունը կորցնել և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը նաև դրա համար է ստեղծված, պաշտպանելու մեր ազգային ինքնությունը, հետևաբար ազատություն Սամվել Կարապետյանին»,– իր խոսքն ամփոփեց նա։

Հիշեցնենք՝ «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» պահանջով Երևանի տարբեր հատվածներում այս պահին համաժամանակյա բողոքի ակցիաներ են ընթանում։ 

Այս պահին բողոքի ակցիաներ են ընթանում կառավարության,  դատախազության և քննչական կոմիտեի շենքերի առջև։

Հակակոռուպցիոն դատարանն այսօր կքննի Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը: Իսկ երեկվանից Սամվել Կարապետյանի  աջակիցներն ու «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները ֆլեշմոբով հայտնում էին, որ այսօր ժամը 15.30-ից լինելու են դատարանի մոտ Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեով։