Թույլ չեմ տալիս` ինձ նման հարց տաք. Սրբուհի Գ...

Այո, ես շատ վրդովվում եմ, երբ շատ մանիպոլիատիվ հարց եք տալիս, ի՞նչ է նշանակում՝ դուք ձեզ մեղավոր զգո՞ւմ եք։ Այսպես ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն արձագանքեց լրագրողի հարցին, թե արդյոք իրեն մեղավոր զգում է, որ «Արմավիր» ՔԿՀ–ում հիվանդությունից կալանավոր է մահացել և իշխանությունները այդ լուրը թաքցրել են։

«Հանրության մոտ հարցադրում եք ուղղում, թե դուք ձեզ մեղավոր զգո՞ւմ եք։ Ոչ, ի՞նչ եմ արել, կամ ի՞նչ պետք է անեինք, որ չենք արել։ Խնդրում եմ, ինքներդ գործը ուսումնասիրեք, տեսեք մենք ինչ էինք արել և ինչ պետք է անեինք, և դրանից հետո եզրահանգումների եկեք։ Եվ սրանից հետո ես ձեզ թույլ չեմ տալիս ինձ նման հարցադրումներ անել»,–ասաց նա։

Լրագրողի պնդմանը, որ ինքն է որոշում՝ ինչ հարց տալ, քանի որ քաղաքացին ՔԿՀ–ում մահացել է, քրեակատարողական ծառայությունը թաքցրել է մահը, Գալյանը վրդովված արձագանքեց. «Ոչ, դուք չեք որոշում։ Օրինակ Դուք ձեզ մեղավոր զգո՞ւմ եք, որ այսօր ինչ-որ մարդիկ, օրինակ սոված են, եթե այո,  բա ի՞նչ եք անում դրա համար։ Կոնկրետ այս քաղաքացու մեղավոր մահվան դեպքում դուք ձեզ մեղավոր զգո՞ւմ եք»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Armlur.am–ը գրել էր, որ քրեակատարողական հիմնարկում մահացել է 43-ամյա կալանավոր Տավրոս Ալբերտի Ոսկանյանը, որը ունեցել է այնպիսի առողջական խնդիրներ, որոնք կալանքի հետ անհամատեղելի էին։

Այս առնչությամբ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնել էին. «ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող, 1982թ․ ծնված կալանավորված անձի ինքնազգացողության վատթարացման պատճառով 29․01․2026թ․ կանչվել է շտապօգնություն, որը վերջինիս տեղափոխել է քաղաքացիական բժշկական կենտրոն։ 04․02․2026թ․ կալանավորված անձը տեղափոխվել է պալիատիվ բուժօգնության կենտրոն։ 17․02․2026թ․ կենտրոնում գրանցվել է կալանավորված անձի կենսաբանական մահը»։

Նշենք, որ քրեակատարողական հիմնարկներում 2025 թվականին արձանագրվել է մահվան 24 դեպք։