Թուրքմենստանը միացել է «Հյուսիս-Հարավ» միջազգ...

«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի (ՄՏՄ) նախագծի հիմնական հիմնադիր երկրներ Իրանի, Ռուսաստանի և Հնդկաստանի համաձայնությամբ Թուրքմենստանը միացել է նախագծին։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

Ավելի վաղ Աշխաբադը հայտարարել էր նախագծի մասնակից դառնալու մտադրության մասին։ Կառավարությանն առընթեր տրանսպորտի և կապի գործակալության գլխավոր տնօրեն Մամետխան Չակիևը հաղորդում էր, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Բացի այդ նշվում է, որ իր աշխարհագրական դիրքի շնորհիվ Թուրքմենստանը կարևոր դեր է խաղում մատակարարման համաշխարհային շղթաների զարգացման գործում։

«Հյուսիս-Հարավ» մուլտիմոդալ տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին միջկառավարական համաձայնագիրը ստորագրվել է Ռուսաստանի, Հնդկաստանի և Իրանի կողմից 2000 թվականին։ Հետագայում մասնակիցների ցանկն ընդլայնվել է՝ հասնելով 14-ի: Ծրագրի նպատակն է ներգրավել Հնդկաստանից, Իրանից և Պարսից ծոցի երկրներից Ռուսաստանի տարածքով բեռնափոխադրումների տարանցիկ հոսքերը դեպի Եվրոպա: Սուեզի ջրանցքով անցնող ծովային երթուղու համեմատ՝ հեռավորությունն ավելի քան կիսով չափ կրճատվում է, ինչը նվազեցնում է փոխադրման ժամկետներն ու ծախսերը։ Այժմ նախագիծը միավորում է առանձին պետությունների մի քանի տարբեր տրանսպորտային համակարգեր: