Թուրքիայում մինչեւ 16 տարեկան երեխաներին կարո...

Թուրքիայի իշխանությունները կարող են սահմանափակել սոցցանցերի հասանելիությունը մինչեւ 16 տարեկան երեխաների համար, ասել է տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

«Օրենսդրական ակտերի ընդունման անհրաժեշտությունը մեր երեխաների պաշտպանության համար սոցցանցերից եւ օնլայն-խաղերից կարեւոր է դարձել։ Դա կբարձրացնի ինտերնետ-պրովայդերների պատասխանատվությունը»,- ասել է նախարարը բյուջեի լսումների ժամանակ խորհրդարանում։  Նրա խոսքերը մեջբերել է TRT Haber հեռուստաալիքը։

Նախարարի խոսքով՝ հարցի մշակումը սկսվել է սոցցանցերում բռնության քարոզի, երեխաների հետ դաժան վերաբերմունքի, ատելության հրահրման եւ այլ բացասական կոնտենտի տարածման պատճառով։ «Մենք համապատասխան աշխատանք ենք իրականացնում մեր հաստատությունների հետ, ընտանիքի, արդարադատության եւ ներքին գործերի նախարարությունների հետ։ Որպես քաղաքացի եւ ղեկավար՝ ակնկալում եմ մեր խորհրդարանի կողմից անհրաժեշտ միջոցների ընդունում։ Ես հավատում եմ, որ մենք կկարողանանք  հաղթահարել այս վտանգը եւ մեր երեխաների համար ապահովել ավելի անվտանգ ապագա»,- ասել է նա։