Թուրքիայում հայտարարել են, որ «Ստամբուլ» ջրան...

Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամն էլ ավելի արդիական է դարձրել «Ստամբուլ» նավարկելի ջրանցքի կառուցումը՝ Բոսֆորը շրջանցելու նպատակով:

««Ստամբուլ» ջրանցքի նշանակությունը մեծացել է: Այն այլընտրանքային ծովային երթուղի կդառնա, դա անհրաժեշտ նախագիծ է»,- ասել է թուրք նախարարը:

Նրա խոսքով՝ նախագծի շրջանակում աշխատանքներ են իրականացվում ապագա նեղուցի տակ երկաթուղային գծի եւ ավտոմայրուղու կառուցման համար:

Թուրք նախարարն ընդգծել է, որ «Ստամբուլ» ջրանցքի նախագծի իրականացումը որեւէ առնչություն չունի Մոնտրյոյի կոնվենցիայի հետ: «Կոնվենցիան վերաբերում է նավարկությանը Ստամբուլի նեղուցով, Մարմարա ծովով եւ Դարդանելի նեղուցով: Նրանք, ովքեր երթեւեկելու են «Ստամբուլ» ջրանցքով, նավարկելու համար կօգտագործեն Մարմարա ծովն ու Դարդանելը: Այդ իսկ պատճառով որեւէ հակասություն Մոնտրյոյի կոնվենցիայի հետ այստեղ չկա»,- ընդգծել է Քարաիսմայիլօղլուն:

Նա նաեւ տեղեկացրել է, որ նախագծի ֆինանսավորման հետ կապված փոփոխություններ չկան: Նախկինում հաղորդվում էր, որ շինարարության ինքնարժեքը կազմում է մոտ 15 մլրդ դոլար, իսկ նախագիծը կիրականացվի 6 տարում:

«Ստամբուլ» ջրանցքի շինարարության մասին հայտարարել էր Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2001 թ.՝ լինելով երկրի վարչապետը: Ջրանցքը թույլ կտա զգալիորեն նվազեցնել տրանսպորտային ծանրաբեռնվածությունը Բոսֆորի նեղուցում, որով տարեկան ավելի քան 55 000 նավ է անցնում: