Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի կողմից հրապարակված տվյալների համաձայն, այդ երկրում տարեկան սղաճը կազմում է 19,58 տոկոս։ Պարենային սղաճը, ըստ նույն վիճակագրության, 28,8 տոկոս է, իսկ արտադրանքի գնաճի ինդեքսը տարեկան կտրվածքով կազմում է 43,96 տոկոս։ Այս ամենը հուշում են այն մասին, որ իշխանություններն ու իշխող ԱԶԿ-ն հայտնվում են բավական բարդ իրավիճակում, քանի որ նման իրավիճակում բավական ծանր է լինելու կառավարության համար շուկաներում պահպանել գնային կայունությունը։
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը փորձում է հարցը կարգավորել երկրի հինգ ամենախոշոր սուպերմարկետային ցանցերի համար գնային սահմանաչափեր «հուշելով» եւ էժան ապրանքների վաճառք իրականացնելու համար նպատակային խանութների կառուցման խոստումներ տալով, սակայն կարծես թե ինչ որ բան այնուհանդերձ թուրքական տնտեսության մեջ այնպես չի գնում եւ դժվարությունները խորանում են, ավելացնելով հասարակության՝ գործող վարչակարգի հանդեպ ունեցած դժգոհությունները։
Տնտեսական այն դժվորությունները, որոնք այսօր առկա են Թուրքիայում, լիովին սպասելի էին։ Մի կողմից կորոնավիրուսային համավարակը իր բերած գլոբալ տնտեսական ճգնաժամով, մյուս կողմից Էրդողանի արտաքին քաղաքական եւ ռազմական չափազանց ծախսատար արկածախնդրություններն ու նեո-օսմանական կայսերապաշտական հավակնությունները թուրքական տնտեսությունը դրել են մի այնպիսի վիճակում, երբ այն չի կարողանում դիմանալ իր վրա դրված ծանրությանը։ Եւ պատահական չէ, որ արդեն խոսվում է, իհարկե դեռ արեւմտյան մամուլում տեղ գտած հրապարակումների տեսքով, այն մասին, որ Էրդողանը գուցե եւ չկարողանա 2023 թվականին նորից մասնակցել ընտրություններին ու առաջադրվել։
Իհարկե այդ հրապարակումներում հիմնական շեշտադրումը արված է նրա առողջական վիճակի վրա, սակայն չպետք է նաեւ մոռանալ, որ հանրային դժգոհությունը եւ մշտապես իրականացվող սոցհարցումները, որոնց արդյունքներն ամենեւին էլ գործող իշխող կուսակցության օգտին չեն խոսում, կարող են «հուշել» Էրդողանին, որ ավելի լավ է պարզապես չմտնել նոր ընտրական մարաթոնի մեջ, քան վերստին ճաշակել 19 թվականի ընտրությունների դառնությունը։



