
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին համոզմունք է հայտնել, որ Թուրքիային Eurofighter Typhoon կործանիչների վաճառքի շուրջ բանակցությունները դրական ավարտ կունենան։
«Մենք շարունակում ենք զգալի առաջընթաց գրանցել Թուրքիային Eurofighter Typhoon կործանիչների հնարավոր արտահանման հարցում և համզված ենք, որ Eurofighter-ի չորս գործընկերներն էլ աջակցելու են այս վաճառքին։ Թուրքիայի կողմից Typhoon կործանիչների կիրառումը էլ ավելի կամրապնդի բարեկամական կապերը, որոնք տասնյակ տարիների ընթացքում զարգացել են ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակիցների միջև»,- Թուրքիա այցին ընդառաջ՝ ասել է Լեմին թուրքական «Հուրիեթ» պարբերականին տված հարցազրույցում։
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը նաև շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի իրենց դաշնակից Թուրքիային՝ «Եվրոպայի անվտանգության պահպանման հարցում ունեցած ներդրման համար»։
Eurofighter Typhoon չորրորդ սերնդի բազմաֆունկցիոնալ կործանիչները ներկայում շահագործվում են Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրիայի, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Օմանի, Կատարի օդային ուժերի կողմից։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրեր առաջ հայտարարել էր, որ կործանիչների ձեռք բերման նպատակով պաշտոնական Անկարան շարունակում է բանակցությունները՝ այդ թվում և Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի հետ։ Նա հույս էր հայտնել, որ այդ բանակցությունները հաջող կավարտվեն։