Թուրքիայի, ՌԴ-ի, Սիրիայի եւ Իրանի պատվիրակութ...

Թուրքիայի, ՌԴ-ի, Սիրիայի եւ Իրանի պատվիրակությունների հանդիպումը համապարփակ բանակցությունների համար հնարավոր է հունիսի վերջին, տեղեկացրել է Hürriyet-ը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրին։

«Արտաքին գործերի նախարարների վճռական հանդիպումից հետո Թուրքիայի եւ Սիրիայի հարաբերությունների կարգավորման գործընթացում հաջորդ շփումը նախատեսվում է փոխնախարարների միջեւ։ Որպես համապարփակ բանակցությունների ժամկետ նշվել է հունիսի վերջը»,- գրել է պարբերականը։

Պարբերականի ունեցած տեղեկության համաձայն՝ ԱԳՆ ղեկավարների քառյակի հանդիպումը Մոսկվայում ավելի չափավոր էր, քան տեխնիկական պատվիրակությունների նախորդ հանդիպումները։

«Թուրքիայի առաջնահերթությունների շարքում առավել նկատելի թեման պայքարն է ահաբեկչության դեմ։ Այդ հարցի մասին տեղեկացվել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Միկդատ Ֆեյսալին բոլոր ասպեկտներով։ Առաջարկվել է «նախաձեռնել համատեղ քայլեր ահաբեկչության դեմ պայքարում»։ Հայտարարվել է, որ Քրդական աշխատավորական կուսակցության՝ YPG-ի (արգելված է Թուրքիայում) ներկայությունը Թել Ռիֆաաթում եւ Մանբիջում՝ Եփրատից արեւմուտք, կարող է մաքրվել համատեղ գործողությունների ընթացքում, եւ որ այդ շրջանները կարող են վերադարձվել Սիրիայի վերահսկողության տակ։ Սիրիական կողմը եւս հասկանալ է տվել, որ կարող է համատեղ գործել ահաբեկչության դեմ պայքարում»,- նշել է թերթը։

Թերթի աղբյուրները տեղեկացրել են, որ Թուրքիան բանակցություններ է վարում նաեւ սիրիական ընդդիմության հետ՝ քաղաքական գործընթացում փոխզիջման հասնելու համար։

«Ինչ վերաբերում է փախստականների վերադարձին, ապա հիմնական սկզբունքը «կամավոր, անվտանգ եւ արժանապատիվ վերադարձն է։ Այդ նպատակով օրակարգում դրված է այդ գործընթացում Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի ներգրավման հարցը՝ որպես երաշխավորների»,- տեղեկացրել է թերթը։