Թուրքիայի խորհրդարանը կարող է վավերացնել Ֆինլ...

Թուրքիայի խորհրդարանը, ամենայն հավանականությամբ, կվավերացնի Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը մինչև օրենսդիր մարմնի փակումը, որը տեղի կունենա ապրիլի կեսերին ընտրությունների համար: Այս մասին չորեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկու թուրք պաշտոնյաների։

Նրանց խոսքով՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի դիմումը նախատեսվում է դիտարկել Շվեդիայի դիմումից առանձին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմից ստացված հաղորդագրության համաձայն, մարտի 16-17-ը աշխատանքային այցով Թուրքիա կժամանի Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն։ Ակնկալվում է, որ երկու առաջնորդները կքննարկեն ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի հայտը:

Ֆինլանդիան և Շվեդիան դիմել են Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու համար 2022 թվականի մայիսին, սակայն Թուրքիան արգելափակել է անդամակցության գործընթացը՝ պահանջելով քրդական կազմակերպություններին ահաբեկչական ճանաչել, ինչպես նաև արտահանձնել ահաբեկչության կամ 2016 թվականի հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ մեղադրվող անձանց։ Թուրքիան կարծում է, որ Ֆինլանդիան ամբողջությամբ կատարում է հուշագրով նախատեսված պայմանագրերի պայմանները։ Սակայն շվեդական կողմը, ըստ Անկարայի, դեռ պատրաստ չէ անդամակցել ՆԱՏՕ-ին, քանի որ չի կատարել հուշագրով նախատեսված իր պարտավորությունները։