Թուրքիայի ափերի մոտ հարձակման է ենթարկվել Ռու...

Ռուսաստանից Վրաստան ուղևորվող Midvolga 2 լցանավը՝ արևածաղկի ձեթի բեռով, հարձակման է ենթարկվել Թուրքիայի ափերից 80 մղոն հեռավորության վրա։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

 Ըստ Թուրքիայի համապատասխան իշխանությունների՝ նավը հարձակման է ենթարկվել  երկրի ափերից 80 մղոն (130 կմ) հեռավորության վրա։ Նավի անձնակազմի 13 անդամները չեն տուժել։ 

Նշվում է, որ նավն ընթանում  է Թուրքիայի Սինոպի նավահանգստի ուղղությամբ։

Պաշտոնապես այլ տեղեկատվություն չի հաղորդվել, սակայն NTV հեռարձակողը հայտնել է, որ հարձակման մեջ ներգրավված է եղել կամիկաձե անօդաչու։ 

Reuters-ի հարցմանն ի պատասխան՝ թուրք պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ անհրաժեշտ հաղորդագրությունները փոխանցվել են համապատասխան կողմերին, այդ թվում՝ Ուկրաինայի իշխանություններին։ 

Բաց աղբյուրների տվյալներով՝ 140-մետրանոց Midvolga 2 նավը կառուցվել է 2014 թվականին և նավարկում է Ռուսաստանի դրոշի ներքո։ Գրանցման նավահանգիստը Սանկտ Պետերբուրգի Մեծ նավահանգիստն է։ Սեփականատերը Միջվոլգյան նավագնացային ընկերությունն է (Մոսկվա)։ 

Նոյեմբերի 28-ին ուկրաինական ծովային անօդաչուները Սև ծովում հարվածել էին առանց բեռի Ռուսաստան ուղևորվող Kairos և Virat լցանավերին, որոնք նավարկում են Գամբիայի դրոշի ներքո։ Նրանք աղետի ազդանշաններ էին ուղարկել Սև ծովում Թուրքիայի ափերից համապատասխանաբար 28 և 38 ծովային մղոն հեռավորության վրա։ Kairos-ում բռնկում էր սկսվել մեքենայական բաժանմունքում, Virat-ի անձնակազմը հայտնել էր կորպուսի վնասման մասին: