Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործե...

Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների 10-րդ եռակողմ հանդիպումը, որի արդյունքում ստորագրվել է համատեղ հռչակագիր։

Փաստաթուղթը ստորագրել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Հռչակագրում կողմերը «վերահաստատել են իրենց փոխադարձ աջակցությունը ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը, նաև ընդգծել են տրանսպորտի, էներգետիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ամրապնդման կարևորությունը»։

Հատուկ ուշադրություն է դարձվել «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Հարավային գազային միջանցք խողովակաշարերի դերին Եվրոպայի էներգետիկ անվտանգության մեջ», ինչպես նաև Միջին միջանցքի և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նշանակությանը։

Կողմերը նշել են տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդման կարևորությունը՝ Հարավային Կովկասի ողջ ներուժը բացահայտելու համար, և ընդգծել երեք երկրների դրական դերն այս գործընթացում։