Թուրքիան Քաղավիացիայի կոմիտեին չի տեղեկացրել...

ՀՀ քաղավիացիական ավիացիայի կոմիտեն թուրքական կողմից պաշտոնական հաղորդագրություն չի ստացել օդային տարածքի փակման մասին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի օգնական Լիլիթ Աղաբեկյանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախօրոք տեղեկացնելու ապրիլի 29-ին չեղարկել էր Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար։ Դրա հետեւանքով Փարիզ-Երեւան օդանավը հարկադրված վայրէջք էր կատարել Քիշնեւի օդանավակայանում։ Երեկ էլ՝ մայիսի 2-ին թուրքական արգելիք պատճառով արգելվել էր Երեւան-Փարիզ-Երեւան չվերթի իրականացումը։ Թուրքիան արգելել է միայն իր օդային տարածքով այլ երկրներ գնալը։ Ուղիղ չվերթները դեպի Թուրքիա արգելված չեն։

Նշենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն օդային տարածքի փակումը բացատրել է Երեւանում «Նեմեսիս»գործողության հերոսների հուշարձանի բացմամբ։

«Մենք ինքնաթիռները մեր երկիր կթողնենք անհրաժեշտության դեպքում, բայց օդանավերի եւ մասնավոր ջեթերի թռիչքը մեր երկրի օդային տարածքով թույլ չենք տա, քանի դեռ շարունակվում են սադրանքները [Հայաստանի կողմից Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ]։ Եթե նրանք չդադարեցնեն դրանք, ապա մենք այլ միջոցների կդիմենք»,- ասել է նա։

Հայոց ցեղասպանությունն իրականացրած թուրք պարագլուխների սպանությունները կազմակերպած «Նեմեսիս» գործողության անդամներին նվիրված աղբյուր-հուշակոթողը բացվել է ապրիլի 25-ին, Երեւանի սրտում՝  Օղակաձեւ զբոսայգու չորրորդ հատվածում։